Էրդողանն ասել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին ԼՂ հակամարտությունում:

Այսօր ելույթ ունենալով Անկարայում՝ նա ասել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողքին էր հակամարտության ամենասկզբից եւ կշարունակի այդպես վարվել:

«Մի օր Ղարաբաղն անպայման կվերադառնա իր իրական տիրոջ մոտ, կրկին ադրբեջանական կդառնա», – ըստ Mediamax-ի` ասել է Թուրքիայի նախագահը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել էր, որ Թուրքիան, լինելով ԵԱՀԿ անդամ երկիր, հանդես է գալիս տարածաշրջանում մեծ պատերազմ հրահրելու դիրքերից:

«Ադրբեջանը պարծենում է իր իբրեւ թե արձանագրված հաղթանակով, իսկ Թուրքիան՝ շնորհավորում է նրան դրանում: Մինչ միջազգային հանրությունը դատապարտում է ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, թեեւ միայն խոսքերով, Թուրքիան միակն է, որ աներկբա աջակցություն է ցուցաբերում ադրբեջանական արկածախնդրությանը: Անկարայի կողմից այս իրավիճակից առաջ եւ հետո կատարած հայտարարությունները, որոնցով այդ երկիրը կարծես թե իր հակահայկական մոտեցումներով փորձում է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ, կարող են ձեւավորել տարածաշրջանային լարվածության նոր օջախ, ինչի փորձը Թուրքիան ունի Մերձավոր Արեւելքում»,- ասել է ՀՀ նախագահը՝ այսօր ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը:

Scroll Up