«Վաղն ամեն ինչ հստակ կլինի՝ կա՛մ նորից զինադադար կսկսվի, կա՛մ…».Պարգև սրբազան
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/84.jpg)
Ներկայացնում ենք Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ ԼՈՒՐԵՐ.com-ի հարցազրույցը:
– Սրբազան, հիմա ի՞նչ իրավիճակ է Արցախում:
– Այս երեք օր է գրեթե նույնն իրավիճակն է տիրում Ստեփանակերտում: Շուշիում մարդիկ բոլորը զբաղված են իրենց գործերով: Սահմանամերձ գոտիներում կրակոցները շարունակվում են, մարտեր են գնում:
– Սահմանամերձ գոտիներում գտնվող մեր եկեղեցիներն ու վանքերն Ադրբեջանի հրետակոծությունից ու հրթիռակոծությունից հետո չե՞ն վնասվել:
– Մարտակերտում, Թալիշում, Մատաղիսում, ամեն տեղ էլ ունենք այդպիսի շինություններ: Որևէ տեղեկություն Ադրբեջանի կողմից դրանք նշանառության տակ վերցվելու, վնաս պատճառելու մասին, ինձ չի փոխանցվել: Առայժմ ինձ այդպիսի տեղեկություն չեն հայտնել:
– Ձեր կարծիքով՝ պատերազմն ավելի մեծ մասշտաբներ կընդունի՞, թե՞ դա դժվար է այժմ ասել:
– Ես կարծում եմ՝ վաղն ամեն ինչ հստակ կլինի՝ կա՛մ նորից զինադադար կսկսվի, կա՛մ, եթե վաղը զինադադար չեղավ, ուրեմն կարող է և շարունակվի: Վաղը, կարծում եմ, պարզ կլինի:
– Ձեր մաղթանքը մեր զինվորներին, Արցախի և Հայաստանի Հանրապետության բնակիչներին:
– Մենք պետք է ապավինենք Աստծուն, հույսը դնենք մեզ վրա, նույն բարձր, զորեղ, արիական ոգով և հավատքով մեր գործը շարունակենք: Մեր գործն արդար է, մենք պատերազմ չենք սկսել, բայց պետք է ամեն ինչ անենք, որ պաշտպանենք մեր ազատությունը, մեր սահմանները: Եվ դա իրագործելու ենք:
Հարցազրույցը՝ Արթուր Հովհաննիսյանի