Ամերիկյան պետությունների կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/04/banner_media_center3.jpg)
Ամերիկյան պետությունների կազմակերպության (Organization of American States) գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն ապրիլի 3-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումը՝ որակելով այն որպես միջազգային իրավունքի լուրջ ոտնահարում։
Նրա ուղերձում մասնավորապես ասվում է.
«Կայունությունն ու խաղաղությունը, ինչպես նաեւ ազգերի միջեւ հակամարտությունների խաղաղ լուծումը այն արժեքներն են, որոնք տարածվում են նաեւ մեր կիսագնդի սահմաններից դուրս։
Այսպիսով՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դիմելը հատկապես լուրջ է, քանի որ այն ակնհայտորեն խախտում է 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմը եւ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցություններ վարելու սկզբունքը։
Մենք դատապարտում ենք միջազգային իրավունքի լրջագույն ոտնահարումը։
Թիրախավորելով քաղաքացիական օբյեկտները՝ Ադրբեջանի այդ հարձակումները զինված հակամարտությունը կարգավորող հիմնարար կանոնների խախտում են։
Տարածքային վեճը լուծելու համար ցանկացած բռնության ակտ անընդունելի է, եւ երբ նման գործողություններից քաղաքացիական անձինք են զոհվում, դա բարբարոսություն է։
Մենք Ադրբեջանի իշխանություններն կոչ ենք անում վերականգնել Մինսկի խմբի մարմինների հետ հետաձգված հանդիպումները:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման հիմնական սկզբունքների հիմքում Հելսինկիի ամփոփիչ արձանագրությունն է (1975 թ.). Այդ սկզբունքներն են՝
– ուժի չկիրառում,
– տարածքային ամբողջականություն
– իրավունքների հավասարություն եւ ժողովուրդների ինքնորոշում։
Պահանջում ենք լիարժեք հարգանք այդ սկզբունքների նկատմամբ»:
Ամերիկյան պետությունների կազմակերպությունը հիմնադրվել է 1889-ին։ Նրա ժամանակակից մարմինը հիմնվել է 1948-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը միավորում է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի 35 անկախ պետություն եւ քաղաքական, իրավաբանական եւ սոցիալական կառավարական հարթակ է այդ կիսագնդում։