Տեղի ունեցավ տեսակոնֆերանս Մոլդովայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Ապրիլի 1-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ տեսակոնֆերանս Մոլդովայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ:

 Մոլդովայի հայկական համայնքից տեսակոնֆերանսին մասնակցում էին Մոլդովայում ՀՀ պատվավոր հյուպատոս Թաթուլ Դավոյանը,  համայնքի նախագահ Արթուր Ավանյանը, համայնքի փոխնախագահ Էդուարդ Ալխազովը, համայնքի խորհրդի անդամներ:

 Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց. «Ուրախ եմ, որ տեսակապի միջոցով հնարավորություն ունենք համագոծակցել և ցանկանում եմ, որ այս կապն առավել հաճախակի լինի, քանի որ այն հնարավորություն է տալիս վերհանել առավել արդիական հիմնախնդիրները: Մոլդովայի հետ մեր կապերը կարիք ունեն առավել սերտացման: Այսօր լուրջ համաշխարհային իրադարձություններ են տեղի ունենում, և դրանք չեն կարող որևէ կերպ չառնչվել կամ անտարբեր թողնել հայկական համայնքներին: Մենք շատ լավ գիտակցում ենք, թե հային հայ պահելու ուղղությամբ ինչ մեծ աշխատանք են կատարում համայնքի մեր ակտիվիստները, «Արմենիա» մշակութային կենտրոնը, Մոլդովայի հայ կանանց «Տաթևիկ» ասոցիացիան: Մենք տեղեկացված ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում համայնքի կազմակերպած բազմաթիվ միջոցառումների մասին»:

 Նախարարի տեղակալը հորդորեց, որ համայնքը առավել ակտիվ ներգրավվի Սփյուռքի նախարարության «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերին, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, քանի որ մասնակցությունն այդ ծրագրերին Հայրենիքի հետ կապերը սերտացնելու, միմյանց խնդիրներին քաջատեղյակ լինելու և դրանց լուծման համար համատեղ ուղիներ փնտրելու լավագույն միջոց է:

 Սերժ Սրապիոնյանը կարևորեց նաև համայնքի առավել ակտիվ ներգրավվածությունը ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին:

 Մոլդովայի հայ համայնքի նախագահ Արթուր Ավանյանը ներկայացրեց  համայնքի գործունեությունը, առկա խնդիրները և նշեց,  որ մոլդովահայ համայնքը վերջերս կազմակերպել էր հայերին համախմբելուն ուղղված՝ «Հայերի դերը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում» մշակութային միջոցառումը:

 Նա նաև նշեց, որ միջոցառումներ են ձեռնարկվում համայնքային կյանքը ակտիվացնելու, Հայաստանը առավել ճանաչելի դարձնելու և Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերն ամրապնդելու և զարգացնելու ուղղությամբ:

 Գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը համառոտ ներկայացրեց ՀՀ ՍՆ համահայկական ծրագրերը՝ ընդգծելով դրանց կարևորությունը և համայնքին հորդորեց այսուհետ առավել ակտիվ լինել:

 Այնուհետև համայնքի ներկայացուցիչները ներկայացրին համայնքային մի շարք կարևոր խնդիրներ և քննարկվեցին դրանց լուծման ուղիները:

xx

Scroll Up