Հայաստանի զբոսաշրջության ոլորտին նվիրված սեմինար Լիոնում

Մարտի 30-ին Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Կարպիս Մանուկյան սրահում կազմակերպել էր «A la decouverte de l’Arménie» խորագրով սեմինար, որի նպատակն էր Հայաստանն առավել ճանաչելի և գրավիչ դարձնել ֆրանսիացի զբոսաշրջիկների համար: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Միջոցառմանը մասնակցում էին զբոսաշրջային գործակալությունների, Լիոնի քաղաքապետարանի, Ռոն Ալպի ռեգիոնալ խորհրդի, շահագրգիռ տարբեր հաստատությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Սեմինարի ընթացքում ներկաներին ցուցադրվեց 15 րոպե տևողությամբ տեսահոլովակ Երևանի մասին, այնուհետև ներկայացվեցին Հայաստանի տեսարժան և պատմամշակութային վայրերը, մշակույթն ու ավանդույթները: Միջոցառմանը նաև տրվեցին հյուրերի կողմից բարձրացված բազմաթիվ հարցերի պատասխաններ:
Սեմինարի ընթացքում հյուրերն հնարավորություն ընձեռնվեց նաև ծանոթանալ հայկական խոհանոցին: