Ղազախստանում կայացել է Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/xazaxstan.jpg)
Ղազախստանի Ակտոբե (Ակտյուբինսկ) մարզկենտրոնի ֆիլհարմոնիայի դահլիճում մարտի 30-ին տեղի է ունեցել Առնո Բաբաջանյանի 95-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվել էր Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
«Վերադարձ» խորագիրը կրող համերգին Ակտոբեի ֆիլհարմոնիայի մենակատարների և երաժշտական քոլեջի ուսանողների կատարմամբ հնչել են մեծ կոմպոզիտորի հանրահայտ երգերը, դաշնամուրի, ջութակի, շեփորի համար գրված ստեղծագործություններ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, տեղի կամերային նվագախմբի և կամերային երգչախմբի կատարմամբ հնչել են Բաբաջանյանի «Նոկտյուրնը», ինչպես նաև ուզբեկ երգահան Վ.Սապարովի «Էլեգիա Ա.Բաբաջանյանի հիշատակին» ստեղծագործությունը: Առնո Բաբաջանյանի «Հերոսական բալլադ»ի կատարմամբ հանդես է եկել նրա արվեստի ջատագով, դաշնակահար Գուլդանա Ժոլըմբետովան (ԱՄՆ): Համերգից հետո Ակտոբեի «Ուրարտու» մշակութային կենտրոնի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ համերգի մասնակիցների: