Թուրքիան ցույց տվեց, որ հայերի նկատմամբ քաղաքականությունը չի փոխվել. պատգամավոր
Թուրքիան ցույց տվեց, որ հայերի նկատմամբ ոչինչ չի փոխվել։ Ինչպես 100 տարի առաջ էր, այնպես էլ մնացել է։ Այս մասին մարտի 31-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է պատգամավոր Արագած Ախոյանը՝ անդրադառնալով Դիրարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին պետականացնելու որոշմանը։
Նրա խոսքով՝ դա ուղղակի խայտառակություն է։ «Ցավոք, այսօր Սուրբ Կիրակոսը գրեթե ավերված է։ Մենք կդատապարտենք եւ հայտարարությամբ հանդես կգանք։ Թուրքիայի իշխանություններն իրենց կաշվի վրա կզգան դա խորհրդրանի պատգամավորների շնորհիվ»,- ասել է Ախոյանը։
Նրա կարծիքով այն, ինչ Թուրքիայում կատարվում է հայերի նկատմամբ, Կոստանդնուպոլսի պատրիարքարանի թուլության հետեւանք է։ «Կոստանդնուպոլսի պատրիարքարանը չի արձագանքել, մենք սպասում ենք հայկական եկեղեցիների հարցով նրա արձագանքին»,- նշեց Ախոյանը եւ հավելեց, որ պատրիարքարանը Թուրքիայի ենթակայության տակ է, սակայն դա չի նշանակում, որ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը պետք է դառնա հայկական եկեղեցում Թուրքիայի դեսպանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր նահանգի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին նախարարների խորհրդի որոշումով պետականացվել էր։ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումով պետականացվել են Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը։