«Հայ համայնքը` հայ ուսանողությանը» հիմնադրամը սատարում է առաջատար ուսանողներին

«Հայ համայնքը` հայ ուսանողությանը» հիմնադրամը ստեղծվել է տասը տարի առաջ` նպատակ ունենալով բարեգործական, սոցիալական, գիտական, կրթական, բնապահպանական, ուսումնադաստիարակչական, մշակութային և այլ հանրօգուտ աշխատանքեր իրականացնել: Ներկայումս հիմնադրամը առավել արդյունավետ իրականացնում է անվանական կրթաթոշակներ տրամադրելու ծրագիրը:

Հիմնադրամի գործունեության ընթացքում անվանական կրթաթոշակներ են ստացել Հայաստանի բուհերում սովորող 218 ուսանող, որոնցից 37-ն ուսումը շարունակել են արտասահմանյան համալսարաններում, 18-ը՝ դրսում վերապատրաստում անցել կամ մագիստրատուրայում սովորել: Մեծ մասը ուսումնառությունից հետո վերադարձել և աշխատում է Հայաստանում: Ներկայումս կրթաթոշակ է ստանում 32 ուսանող: Ի դեպ, կրթաթոշակ է տրամադրվում բակալավրիատի 3-րդ կուրսից սկսած մինչև մագիստրատուրայի ավարտը:

«Ամեն անգամ համոզվում եմ, որ բանիմաց սերունդ է մեծանում, որն իր ապագան կառուցում է գիտելիքներ ձեռք բերելու միջոցով: Ըստ իս՝ անհրաժեշտ է նրանց նկատել և փորձել հնարավորինս օգնել: Ցանկանում էի, որ մեր այն հայրենակիցները, որոնք դրսում անվանի գիտնականներ, գործարարներ են և իրենց  գործունեությամբ հաջողությունների են հասել, փորձեին օրինակ ծառայել մեր ուսանողներին: Միաժամանակ կրթաթոշակ տրամադրելու միջոցով՝ նրանց կապը Հայրենիքի հետ ավելի սերտացնել»,-«Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանը:

 Հիմնադրամը դիմում է բուհերին՝ փորձելով գտնել «լիդեր» ուսանողներին: Այդ գործընթացին ներգրավվում են դեկանատները, ամբիոնները և հենց ուսանողները, որոնք էլ առաջադրում են ուսանողի թեկնածությունը: Բուհերի ռեկտորատները, իսկ որոշ դեպքում գիտական խորհուրդները, որոշում են կայացնում ընտրված ուսանողներին հիմնադրամի անվանական կրթաթոշակ տրամադրելու մասին:

Հիմնադրամի մշտական հովանավորներն են Ռոբերտ Ենգիբարյանը, Բագրատ Ալեքյանը, Մնացական Գասպարյանը, Սերգեյ Ավագյանը, Արամայիս Քամալովը, Անաստաս և Արամ Փիրուզյանները. վերջիններս իրենց հոր՝ Լևոն Փիրուզյանի մահից հետո  շարունակում են ավանդույթը:

Անվանական կրթաթոշակների տրամադրումից բացի՝ մի քանի հովանավորներ նաև ակտիվ մասնակցություն են բերում ապագա մասնագետների կայացմանը և մասնագիտական աճին՝ աջակցելով նրանց մասնակցությունը միջազգային ուսանողական համաժողովներին, մրցույթներին, վերապատրաստմանը և պրակտիկաներին:

Արտավազդ Յախշիբեկյանը նշեց, որ ուսանողների և հովանավորների միջև ընկերային, բարեկամական կապ է ստեղծվում: Բուհն ավարտելուց հետո էլ քիչ չեն լինում դեպքերը, երբ շարունակում են շփվել միմյանց հետ, իսկ երբ հովանավորները Հայաստան են գալիս, հիմնադրամը նախաձեռնում է հանդիպում կազմակերպել ուսանողների հետ: Ինչպես հավաստում է հիմնադրամի տնօրենը, հանդիպումից հետո հովանավորները դրվատանքի խոսքեր են հնչեցնում՝ ասելով, որ բոլորը ներկայանալի են և կրթաթոշակ ստանալու արժանի թեկնածուներ:

«Անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների համար նաև մասնագիտական հանդիպումներ ենք կազմակերպում: Գիտության, մշակույթի, կրթության և այլ ոլորտների  անվանի մարդկանց հետ հանդիպումը նպատակ ունի ընդլայնել ուսանողների աշխարհայացքը, նրանք նաև մասնակցում եմ հովանավորների կողմից Հայաստանում կազմակերպվող միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը: Մինչև հիմա հնարավորություն են ունեցել հանդիպելու Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամալյանի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի և շատ այլ հեղինակավոր մարդկանց հետ»,-ասաց հիմնադրամի տնօրենը:

Հիմնադրամի աշխատանքները ղեկավարում է հոգաբարձումների խորհուրդը, որը նախագահում է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայ համայնքը` հայ ուսանողությանը» հիմնադրամի հիմնադիր Ռոբերտ Ենգիբարյանը, որը նաև հիմնադրամի հովանավորներից է հանդիսանում: Համանախագահներն են՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արմեն Դարբինյանն ու ԱՊՀ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի և Մոսկվայի պետական կոնսերվատորիաների պրոֆեսոր, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդական Արմեն Սմբատյանը: Տարվա ընթացքում երկու անգամ հոգաբարձումների նիստ է գումարվում, որի ժամանակ քննարկվում են բազմաբնույթ հարցեր և ուրվագծվում հետագա անելիքները:

«Մեկ հիմնական պահանջ ենք դնում ուսանողների առջև. շարունակել ուսումնական և գիտական աշխատանքներում առաջատար մնալ՝ ակնկալելով, որ երբ որպես մասնագետ կայանան, հաջողությունների հասնեն՝ կսկսեն մտածել գոնե երկու ուսանողի կրթաթոշակ հատկացնելու մասին: Վստահ ենք, որ կգա այդ օրը»,-իր խոսքը եզրափակեց Արտավազդ Յախշիբեկյանը:

 Գևորգ Չիչյան

Scroll Up