Հայ համայնքը թուրքական իշխանություններից պարզաբանում կպահանջի Սուրբ Կիրակոսի պետականացման վերաբերյալ

Թուրքիայում հայկական համայնքը պետք է պահանջի իշխանություններից` պարզաբանելու եկեղեցիներով առկա տարածքների պետականացման մասին որոշումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի պատասխանատու խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Թուրքիայի իշխանության որոշումը վիճարկելի է: Գործնականում հավանական չէ, որ պետությունը եկեղեցին վերցնի: Մենք հակված ենք կարծելու, որ խոսքը զուտ տարածքների պետականացմանն է վերաբերում: Այդ տարածքներում գտնվող եկեղեցիներին չի վերաբերում: Այդուհանդերձ, հայկական համայնքը պետք է պահանջի իշխանություններից պարզաբանելու այդ հարցը»,- ասաց Բագրատ Էստուկյանը:

Նրա խոսքով, այստեղ այլ տեսանկյունից էլ վիճարկելի հարց կա: Մասնավորապես, այն տարածքները, որոնք թուրքական իշխանությունը պետականացնում է, այդտեղ կան հատվածներ, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս են կազմում: Հետևաբար, ըստ, Բագրատ Էստուկյանի, այստեղ մի շարք վիճելի հարցեր կան: Ամեն դեպքում, եթե պարզվի, որ եկեղեցիները նույնպես պետականացվում են, ապա հայկական համայնքը վիճարկելու է այս հարցը:

«Վերջին 3 ամսվա ընթացքում Դիրաբեքիրի այդ հատվածում ծանր քաղաքացիական պատերազմ է: Եկեղեցու ծխական խորհուրդը չի կարողացել տեսնել և չի պատկերացնում, թե որքանով է Սուրբ Կիրակոս եկեղեցին վնասված: Կաթոլիկ եկեղեցու մասին լուսանկարներով պատկերացում ունենք, բայց թե Սուրբ Կիրակոս եկեղեցին որքանով է վնասվել, չգիտենք»,-ասաց Բագրատ Էստուկյանը` նկատելով, որ այս հարցերի հետ կապված այլ փոքրամասնությունների հետ նույնպես աշխատանք կտարվի, իսկ Դիրաբեքիրի շրջանային քրդական իշխանություններն իրենց կողքին են:

Դիարբեքիրի Սուր գավառում թուրքական ռազմական ուժերի կողմից իրականացվող գործողություններին զուգահեռ Թուրքիայի Նախարարների խորհուրդը Սուրի տարբեր թաղամասերում բազմաթիվ շենքերի ու տարածքների անհապաղ օտարման մասին որոշում է կայացրել: Օտարման ենթարկված կառույցների թվում է նաև Միջին Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը։ Խորհրդի նույն որոշմամբ օտարման են ենթարկվում նաև Դիարբեքիրի ասորական, քաղդեական և բողոքական եկեղեցիները:

Scroll Up