Բոստոնի «Հայրենիք» կենտրոնի նվերը՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին

Շարունակվում է Մարտի 28-ին մեկնարկած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ. պատվիրակության կազմում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Բոստոնում ՀՀ Նախագահն ու նրա գլխավորած պատվիրակությունն այցելեն են «Հայրենիք» կենտրոն: ԱՄՆ արևելյան ափի ամենահին հայկական կենտրոնում են պահվում հարուստ արխիվային նյութեր:
Նախագահ Սերժ Սարգսյանին արխիվների վիճակի մասին տեղեկություններ են հաղորդվել, ցույց են տրվել մի քանի կարևոր փաստաթղթեր: Ցուցադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության Անկախության Հռչակագրի մայր օրինակը, որի կրկնօրինակը նվիրվել է ՀՀ Նախագահին: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Բոստոնի իր աղբյուրներից:
Նախագահ Սերժ Սարգսյանին է նվիրվել նաև 1919 թվականին Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ Առաջին Հանրապետության պատվիրակության Բոստոն կատարած այցի պամական լուսանկարի պատճենը:
Ավարտին տեղի է ունեցել փոքրիկ հյուրասիրություն:
Այնուհետև Նախագահ Սերժ Սարգսյանը առանձին հանդիպում է ունեցել ՀՅԴ Արևելյան շրջանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ, որին ներկա են եղել նաև ՀՀ սփյուռքի և կրթության նախարարներ Հրանուշ Հակոբյանը և Լևոն Մկրտչյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ ուղեկից մարմինների (ՀՕՄ, ՀՄԸՄ), երիտասարդական միությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում խոսվել է Հայաստանի հզորացման ուղղությամբ Արևելյան շրջանի կատարած և կատարվելիք աջակցությունների, աշխատանքների մասին: Քննարկվել են նաև այն աշխատանքները, որոնք կատարվում են ԱՄՆ նահանգներում՝ Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել Հայ դատի ծավալած գործունեությանը:
Հանդիպում է կայացել նաև «Armenian Weekly» և «Hayrenik Weekly» պարբերականների աշխատակիցների հետ, որի ընթացքում շեշտվել է մամուլի կարևորությունը: