Պալմիրայի ամենահայտնի հուշարձանները ոչնչացված են

Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքի ամենահայտնի  հուշարձանները, այդ թվում նաև երկու հայտնի տաճար, լուրջ ավերածությունների են ենթարկվել, բայց հնագույն օբյեկտների հիմնական մասի վնասը համեմատաբար քիչ է: Այս մասին, ըստ Panorama.am-ի, հայտարարել է Սիրիայի հնությունների և թանգարանների գլխավոր դիրեկտորատի ղեկավար Մամուն Ադբուլքարիմը:

Նրա խոսքով, հաստատվել են Պալմիրայի խորհրդանիշներ՝ Բելի (1-ին դար) և  Բաալշամինի (2-րդ դար) տաճարների, Հաղթական կամարի, «Ալլատ առյուծ» արձանի և այլ հուշարձանների ավերումը: Միաժամանակ գրեթե անվնաս են հռոմեական պետության դարաշրջանում կառուցված թատրոնը, նաև բազմաթիվ կիսանդրիներ: Գիտնականները մտավախություն ունեին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները կարող էին այդ կիսանդրիները վաճառել հնությունների «սև շուկայում»:

Ըստ Մ. Ադբուլքարիմի,  «Ալլատ առյուծ» արձանը քիչ է վնասված, այն հնարավոր է վերականգնել:
Նա հայտնել է, որ Սիրիայի մշակույթի նախարարությունը մոտ ժամանակներս քաղաք կուղարկի փորձագետների, որպեսզի մանրամասն ուսումնասիրեն հնագույն հուշարձանների վիճակը:

2015թ-ի մայիսից Պալմիրան գտնվում էր  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների հսկողության տակ: Պալմիրայում, որի բնակչությունը մինչև ԻՊ-ի հսկողության տակ անցնելը, կազմում էր 70 հազար մարդ, այժմ չի գերազանցում 15 հազարը: Մարտի 27-ին սիրիական բանակը և աշխարհազորայիններն ամբողջությամբ ազատագրել են քաղաքը «Իսլամական պետություն»-ից:

Scroll Up