Մոսկվայի զբոսաշրջային ցուցահանդեսին Արցախը մասնակցում է առանց խնդիրների. Մերի Ղազարյան

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվող «Ճանապարհորդություն և տուրիզմ» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Արցախի մասնակցությունը խոչընդոտելու մասին տեղեկությունը կեղծ է:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության, հասարակայնության հետ կապերի և համակարգչային բաժնի պատասխանատու Մերի Ղազարյանը:

«Մենք քիչ առաջ ենք կապ հաստատել Մոսկվայում զբոսաշրջային ցուցահանդեսին Արցախի մեր պատվիրակության հետ: Նրանք մեզ փոխանցեցին, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել, Արցախի պատվիրակությունը բնականոն կերպով աշխատում է, առանց որևէ խնդիրի: Ավելին, նրանք պատրաստվում էին գինու համտեսի»,-ասաց Մերի Ղազարյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր Մոսկվայում անցկացվող զբոսաշրջային ցուցահանդեսին կանխել են Արցախի մասնակցությունը: «Ճանապարհորդություն և տուրիզմ» միջազգային ցուցահանդեսին մասնակցում է 1500 ընկերություն 100-ից ավելի երկրներից: Ցուցահանդեսն անցկացվում է 1994 թվականից:

Scroll Up