Զատկական խոհանոցի խորհուրդը. Սուրբ Զատիկին նվիրված դաս՝ Օդեսայի կիրակնօրյա դպրոցում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/խոհանոց11.jpg)
Օդեսայի կիրակնօրյա դպրոցում սիրված ավանդույթ են դարձել ազգային խոհանոցի դասերը՝ հայ եկեղեցու Տաղավար տոներին ու ժողովրդական ավանդական տոնակատարություններին ընծայված «համեղ» դասերը, որոնք սիրով ու պատասխանատվության մեծ զգացումով վարում են կրթօջախի ծնողները։ Այս գեղեցիկ սովորույթը կյանքի կոչվեց և արմատակալվեց դպրոցում տնօրենի՝ վաստակաշատ մանկավարժ Էլեն Պողոսյանի նախաձեռնությամբ ու կազմակերպչական ունակությունների բարձր մակարդակի շնորհիվ։
Մոտենում է Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը, որը մեր ժողովուրդը բերկրանքով ու ցնծությամբ նշում է գարնան զարթոնքի հետ` գարնանային օրհավասարի առաջին կիրակի օրը կամ մարտի առաջին կիսալուսնի օրը։ Այս առիթով մի գեղեցիկ ավանդություն կա, ըստ որի, այդ օրը քաջազունները հաղթել են ստորերկրյա չար աստծուն և փրկել Հազարան հավքին, որը բույն է հյուսել է բիբլիական լեռան ծերպերում և բազմագույն ձվեր ածել՝ մարդկանց պարգևելով բերկրանք ու հույս։ Այդ օրը դաշտերում սկսվում են գարնանային վարուցանքի աշխատանքները։ Այսինքն՝ Սուրբ Զատիկը պուտիկավոր բզեզի նման գալիս է գարնանը և նրա նման անվանվում է նաև Կարմիր զատիկ։
Ազգային խոհանոցի հերթական դասը ընծայված էր Կարմիր Զատիկին։ Այն վարում էր մշակույթի տանը գործող կանանց խորհրդի նախագահ Սոնիկ Հանեյանը, որը աչքի է ընկնում ազգային ավանդույթների ու ծիսակատարությունների հիանալի իմացությամբ և տարածելու, սերունդներին փոխանցելու կարողությամբ։
Դասը կայացավ ջերմ ու ընտանեկան մթնոլորտում․ թվում էր՝ մի բազմանդամ ու համերաշխ հայ ընտանիք է հավաքվել սեղանի շուրջ հաճույքով ճաշելու և նախապատրաստվելու՝ հանդիսավոր ու գեղեցիկ դիմավորելոււ Կարմիր Զատկի տոնը։
Տոնական դասին առավելագույնս խորհրդավորություն հաղորդեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի մասնակցությունը։
Դասասենյակում մեղմորեն հնչում էր Հայոց հոգևոր երգի Տիրամոր չքնաղ ձայնը, և թվում էր՝
Հալհլող մոմից “Սուրբ-սուրբ” էր ծորում,
Պահ առ պահ հատնում, այրում ինքն իրեն:
Տերունական աղոթքից հետո Տեր Հայրը հանգամանորեն մեկնաբանեց «Զատիկ» բառի և տոնի ծագումը, խորհուրդն ու նշանակությունը մարդկության կյանքում։
Սուրբ կամ Կարմիր Զատիկը իր ակունքներով կապված է հրեական տոնի հետ։ Այնպես, ինչպես Աստծու ընտրյալ ժողովուրդն ազատվեց ստրկությունից, այդպես էլ Հիսուսը խաչի վրա Իր մահվամբ և մեռելներից հարություն առնելով, ազատեց մարդկանց մեղքի ու մահվան իշխանությունից։ Սուրբ Զատիկը խորհրդանշում է կյանքի հաղթանակը մահվան, խավարի նկատմամբ․«Եթե լույսի մեջ ենք քայլում, ինչպես որ Ինքն է լույսի մեջ, հաղորդության մեջ ենք լինում միմյանց հետ, և նրա Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից»։ Այս հիմքի վրա է կանգնած քրիստոնեությունը։
Ըստ Տեր Հոր մեկնաբանության՝ Զատիկը ուրախ քրիստոնեական տոն է՝ հոգևոր բերկրանքի ու ցնծության տոն։ Այս տարի այն կնշվի մարտի 27-ին, հետևաբար, տոնին նախորդող շաբաթ երեկոյան մեր եկեղեցում մատուցվում է Ճրագալույցի պատարագ։ Այդ երեկո և հաջորդ օրը, հանդիպելով՝ իրար ենք փոխանցելու Հարության Ավետիքը։ Պատարագից հետո յուրաքանչյուր հայ ընտանիքում պահքի ավարտը նշանավորող ընտանեկան սեղան է բացվում: «Զատիկը ամենամյա տոն է, այնպես որ դուք բավականին գիտելիքներ ունեք՝ ինչպես են ձեր սիրելի մայրիկներն ու տատիկները ծիսատոնական սեղան գցում, զանազան պատրաստություններ տեսնում,»-շարունակեց քահանան։
Զատկական սեղանին կարևոր է փլավի և ձկնեղենի առկայությունը։ Ձուկը օգտագործում էին վաղ քրիստոնյաները, որ նշանակում է՝ Հիսուս Քրիստոս Աստծո Որդին է՝ Փրկիչն աշխարհի: Տոնական սեղանի զարդը կարմիր ներկած և եկեղեցում օրհնված ձուն է՝ Հարության խորհրդանիշը, որովհետև ձուն կյանքի աղբյուր է, կենաց ծառի խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը՝ խաչի վրա մարդկանց մեղքերի թողության և «հոգու փրկության Օծյալ Հիսուսի» թափած արյան։
Հացը և կարմիր գինին ևս զատկական սեղանին պարտադիր են, վասնզի այն երեկո՝ այն Խորհրդավոր ընթրիքին, երբ Տերը հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը, Քրիստոսը վերցրեց հացը, օրհնեց և բաժանեց իր աշակերտներին՝ ասելով․ «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը»։ Այնուհետև վերցրեց գինով լի գավաթը, գոհություն հայտնեց, ասելով․ «Խմե՛ք դրանից բոլորդ, այս է Իմ նոր ուխտի արյունը, որ հեղվում է շատերի վրա մեղքերի թողության համար»։ Սրբագործված հացն ու գինին Տիրոջ փրկագործ մարմինն ու արյունն են։ Սա նկատի ունի ժողովուրդը, երբ ասում է․ «Հացն ու գինին՝ Տեր կենդանին…»։ Ցորենի հատիկն իր մեջ ունի նոր կյանքի և հարության խորհուրդը: Թաղվելով հողի մեջ, ցորենահատիկը միայն մահանալով է նոր հատիկներ տալիս, ինչպես Քրիստոսը մահացավ խաչի վրա, հարություն առավ՝ կյանք տալով համայն մարդկությանը։ Ուրեմն, ինչպես պարարտ հողի մեջ ընկած սերմ՝ մենք պետք է աճենք ու զորանանք հավատքի մեջ և բարի բերք տանք։
Զատիկի տոնակատարությանը բնորոշ է նաև մատաղի հյուրասիրությունը, որը հնում ախար է կոչվել։ Համայնքում, Ավագ շաբաթ օրը մատղացու գառը հանդիսավոր պատրաստում ենք զոհաբերման․․․Եփած մսի պատառները ցորենաբույր լավաշով փաթաթած՝ շարում ենք սկուտեղի վրա, և առավոտյան պատարագից հետո հյուրասիրում ժողովրդին։ Մենք ոչ միայն հաց արարող, այլև՝ հաց հյուրասիրող ազգ ենք»։
Քահանայի խոսքերի ներշնչանքով ինձ այցի եկան մանկությանս ջերմ հուշերը։ «Այս մարդը հացով մարդ է», «Հացը թռավ՝ հյուր է գալիս»,- ասում էր երջանկահիշատակ տատս․ հասկի ու հացի մասին որքա՜ն թևավոր ու պատկերավոր մտքեր, խոհեր եմ լսել եմ նրա շուրթերից, դեռևս վաղ տարիներց, բրդուճ-լավաշի մեջ փաթաթած՝ հանց շաղոտ ուրց ու համեմ մատուցում էր մեզ՝ իր սիրելի թոռնիկ-թոռնուհիներին։
Շարունակենք դասը․․․Ըստ հոգևոր հովվի մեկնության՝ մեզ հասած սեպագիր արձանագրությունները հաճախ են հիշատակում, որ տոներին անպակաս է զոհաբերությունը, և դա է վկայում տոն բառը, որը ստուգաբանորեն նշանակում է «զոհ»։ Նրա խորհրդով աշակերտները հիշեցին տոն արմատով անունները՝ Տոնապետ, Տոնիկ, Տոնական․․․
Այսպես, Տեր Աբգարը մատչելի ձևով ներկայացնելով զատկական սեղանի խորհուրդը, առաջադրվող հարցերին մեկնություններ տալով, նշեց՝ զատկական խոհանոցի բաղադրիչների ընտրությունն այնպիսին է, որ նյութական տեսանկյունից, բոլոր մարդիկ հավասարապես ի զորու լինեն պատրաստել այն։
Այնուհետև շնորհալի հայ մայրիկ և հայ տատիկ՝ տիկին Սոնիկը հնարավորինս բացատրեց Սուրբ Զատկի հետ կապված ժողովրդական ավանդույթները՝ ձվակռիվը և այլ խաղեր, գուշակություններ և իր իսկ պատրաստած զատկական ուտեստների խորհուրդն ու բաղադրաչափերը։ Նա ընդգծեց, որ տարվա տարբեր եղանակներին նշվող ազգային տոներն ու կրոնական ծեսերը առանձնանում են իրենց բնորոշ տոնածիսական կերակուրներով, բնականաբար, Զատկի տոնն էլ ունի իր հատուկ ճաշատեսակները, որոնք իրենց հմայության խորհրդով ուրույն տեղ են գրավում զատկական տոնակատարության մեջ։ Շարունակելով իր միտքը՝ ասաց, որ հայերը ամենատարբեր անուններով հաց են թխել, որոնցից է տոնիկը։ Ըստ վկայությունների, այն բաղարջ է՝ ալանի հաց, որը թխվել է ջրաղացներում։ Իսկ Զատիկը համընկնում է Բաղարջակերաց տոնի առաջին օրվան։ Զատկական սեղանին տոնական տեսք էին տվել արևանման, արևահամ գաթաները, որոնցում զետեղված էին հուշադրամներ։ Ի սրտե ուրախացան նրանք, ում բաժին ընկան մետաղադրամները, հավատք ունենալով, որ այս տարում իրենց իղձերը կիրագործվեն և խոստացան, որ եկող տարի իրենք պատրաստեն ուտեստները և վարեն զատկական խոհանոցի դասը,
Զատկի կերակուրներից ամենատարածվածը չամչով փլավն է, որը խորհրդանշում է ժողովրդին ու հավատը։ Այս փլավը շատ են սիրում երեխաները․
Զատկե զատիկ է,
Նավակատիկ է,
Չամչե հատիկ է։
Չամչի շեկ ու անուշ հատիկները ողջ աշխարհի քրիստոնյաներն են, իսկ կանաչիներից պատրաստած աղցանը՝ բնության զարթոնքի խորհուրդն ունի։
Գործունյա հայուհին երեխաներին նաև ուսուցանեց, թե ինչպես ճիշտ աճեցնել ածիկը՝ դեռևս Մեծ Պահքի սկզբում, որպեսզի Զատկին ներկած ձվերը մատուցվեն կանաչ ծիլերով զարդարված զամբյուղիկների կամ ափսեների մեջ։
Իր գեղեցկությամբ սեղանին աչքի էր զարնում ցորենի հասած հասկերից հյուսված խաչաձև փունջը՝ խաչբուռը, որը մարդիկ կախում են իրենց տան սյուներից կամ զետեղում ճակատին որպես ընտանիքի բարօրության ու լիության խորհրդանշան։ Փունջը զարդարված էր կարմիր ու կանաչ ժապավեններով։ Կարմիրը Նրա արյան գույնն է, որը թափեց Գողգոթայում, որպեսզի մաքրի մեր մեղավոր սրտերը։ Կանաչը բուսականության գույնն է և խորհրդանշում է մեր հոգևոր աճը Հիսուսով։
Ես հյուսեցի զանոմք գիսակ առ գիսակ,
Տալով խաչին ձևը Որդվույդ կարեվեր՝
Որուն արյունն ամեն Զատկի սու՛րբ կրակ,
Մեր ակոսներն են խմեր։
Հայոց ազգագրության հարուստ շտեմարանի անգին քարերի մեջ որպես մարգարիտներ ու շափյուղաներ, շողշողում են Զատիկին նվիրված զրույց-ավանդապատումներն ու առած-ասացվածքները, ժողովրդաբուխ հորինվածքներն ու իմաստությունները, որոնք վեր են հանում մեր ազգի բնութագիրը։Ներկայացվեց, թե որքան ժողովրդական բառ ու բան կա մեր ծեսերում ու սովորույթներում։ Աշակերտները իրենց տատ ու պապերից, ծնողներից սովորել էին և արտաբերեցին դասի ընթացքում․ «Կարմիր ձուն զատկին կսազե», «Զատկից հետո կարմիր հավկիթ», «Պաս չբռնողը Զատկի համը չի գիտենա», «Ծառազարդար՝ Ծաղկե Զատիկ»։ Կամ՝
Դռան առաջ հերկեցին,
Զատկի ձվեր ներկեցին,
Դրկցին ողջույն տվեցին։
Հնչեց նաև «Ակլատիզ» շաբաթազրույցը, որի հերոսի յոթ փետուրները խորհրդանշում են Մեծ Պահոց յոթ շաբաթները, և նա հաճախ հանդես է եկել ծիսական տիկնիկի, ավելի հաճախ՝ ծերունու տեսքով։ Այսինքն՝ նա Պաս պապն է, որին հաղթում է Ուտիս տատը։ Նշանակում է՝ գալիս է Զատիկը։Այս ամենը հավաստեցին, որ կրոնական-եկեղեցական ծեսի, տոնի խորհուրդը միավորվել է հնուց եկող ժողովրդական գեղեցիկ տոնախմբությանը։ Մեր «համեղ» դասն էլ աննկատ վերածվեց մի գեղեցիկ միջոցառման։
Դասի ավարտին հոգևոր հովիվն իր գնահատանքը բերեց կրթօջախի տնօրենին, տիկնանց միության նախագահին և դպրոցի սաներին, խրախուսելով և հույս հայտնելով, որ նման միջոցառումները կնպաստեն հայրենիքից դուրս ծնվող, մեծացող սերնդի հոգևոր գիտելիքների հարստացմանը, կխթանեն հայոց ավանդական ծեսերին ու հնամենի հոգեհարազատ ավանդույթներին հավատարիմ մնալուն, հայ մնալուն։
Այնպիսի ջերմ, ընտանեկան մթնոլորտ էր ստեղծվել, որ երեխաները երկար ժամանակ չէին ուզում հրաժեշտ տալ իրարու, սիրելի ուսուցիչներին։ Այդ էր վկայում նաև ասմունքը, որով ավարտվեց դասը․
Տարվա մեջ ուրախալի
Դու մի հատ ես, ա՛յ Զատիկ,
Քեզ պես անուշ, քաղցր օր
Չկա, չկա ոչ մի օր։
Բարո՜վ եկար, ա՛յ Զատիկ,
Գարնան սիրունիկ խատուտիկ։
Ուշ ես գալիս, շուտ գնում,
Երկու օր էլ չես մնում,
Քո կարոտը մեր սրտում
Միշտ անպակաս է մնում։
Նարինե Մուրադյան
«Վերնատուն» համայնքաթերթի թղթակից, ք. Օդեսա