Ստամբուլում պայթյունից տուժածներից 12-ը օտարերկրյա քաղաքացիներ են

Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Իսթիքլալ պողոտայի հետ հատվող Բալո փողոցում մարտի 19- ­ին տեղի ունեցած ահաբեկչական պայթյունից տուժածների մեջ 12 արտասահմանցի քաղաքացիներ կան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, լրագրողներին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուեզինօղլուն:

Նա ասել է, որ բոլոր զոհվածները Թուրքիայի քաղաքացիներ են: «Պայթյունի արդյունքում վիրավորվել է 36 մարդ: Նրանցից 7­-ի վիճակը ծանր է, իսկ 4 վիրավորներին ներկայում վիրահատում են», ­նշել է թուրք նախարարը:

Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը ԶԼՄ­-ներին հայտնել է, որ մահապարտ­-ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետեւանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում` պայթյունն իրագործած մահապարտը: CNNTurk-­ն ավելի վաղ հայտնել էր, որ վիրավորներից 10-­ը ոստիկանության աշխատակիցներ են: Թուրքական «Միլիեթ» թերթը հայտնել է, որ վիրավորներից երեքը Իսրայելի քաղաքացիներ են:

Թուրքական իշխանությունները հայտարարել են, որ ենթադրաբար Ստամբուլի պայթյունն իրագործել է քրդական խմբավորումների հետ կապ ունեցած անձը: Նման ահաբեկչական գործողություն մարտի 13-­ին տեղի էր ունեցել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որի արդյունքում 37 մարդ զոհվել, 125 մարդ էլ վիրավորվել էին:

Անկարայում վերջին 5 ամիսների ընթացքում 3 ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել: Առաջին ահաբեկչությունը տեղի էր ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 10-­ին Անկարայի երկաթուղային կայարանի մոտ: Այն ժամանակ մահացել էին 109 քաղաքացիներ: Երկրորդ պայթյունն իրագործվել էր այս տարվա փետրվարի 17­ին, որը խլել էր 29 քաղաքացիների կյանք:

Scroll Up