«Spigel»-ի լրագրողին արտաքսում են Թուրքիայից
Գերմանական հեղինակավոր «Spigel» պարբերականը հետ է կանչում Թուրքիայում իր թղթակից Հասնաին Քազիմին: Այս մասին, ըստ Panorama.am-ի՝ հաղորդում է «Գազետա» լրատվականը:
Հաղորդվում է, որ այս որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի իշխանությունները հրաժարվել են երկարացնել լրագրողի հավատարմագրումը: Պարբերականի գլխավոր խմբագիր Ֆլորիան Հարմսը կարծում է, որ Անկարայի այս որոշումը ուղղված է մամուլի ազատության դեմ:
«Նա (լրագրողը) բազմաթիվ հաղորդումներում ազնվորեն, սակայն որոշակի քննադատությամբ տեղեկացնում էր պաշտոնյաների գործած սխալների մասին, ինչպես և պետք է անի արհեստավարժ լրագրողը: Թուրքիայի իշխանությունների այս քայլը թույլ է տալիս եզրակացնել, որ մեր լրագրողի հաղորդումների պատճառով նրան այլևս չեն ցանկանում տեսնել այնտեղ»,- նշել է Հարմսը:
Նա նաև հավելել է, որ Spigel-ը կշարունակի ազնվորեն լուսաբանել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները:
Նշենք, որ օրերս Թուրքիայի իշխանությունները հոգեբարձուների խորհուրդ են ստեղծել ընդդիմադիր ամենամեծ լսարանն ունեցող ընդդիմադիր «Զաման» թերթի ղեկավարման համար: Արտաքին կառավարումն, ըստ փորձագետների, հանգեցրել է թերթի ուղղվածության բացարձակ փոփոխության, ինչի արդյունքում «Զաման»-ի վաճառքի ցուցանիշը ընկել է 99%-ով: