ԱՄՆ միակ ասորահայ կոնգրեսականը ողջունում է ցեղասպանության մասին բանաձեւը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ասորահայ ծագմամբ միակ կոնգրեսական Աննա Էշուն «պալատի համար կարեւոր պահ» է որակել Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետության» հանցագործությունները ցեղասպանություն բնութագրելու Կոնգրեսի որոշումը։
«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ուղերձ է հղել ողջ աշխարհին` հայտարարելով, որ դաժանությունները, որոնք կատարվում են էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների դեմ Իրաքում եւ Սիրիայում՝ ցեղասպանության գործողություններ են»,-ըստ armradio-ի ասել է Աննա Էշուն CNSNews.com— ին տված հարցազրույցում։
«Ես աղոթում եմ այն օրվա համար, երբ տարածաշրջանում խաղաղություն կլինի: Մերձավոր Արեւելքի կայունությունն ու մշակութային ինքնությունը կախված է դրանից», — հայտարարել է նա:
Աննա Էշուն 2015- ի ապրիլի 23- ին Հայոց ցեղասպանության 100- ամյակի կապակցությամբ տարածած տեսաուղերձում ասել էր, որ իր սեփական ընտանիքի անդամները եւս Մերձավոր Արեւելքում դարձել են քրիստոնյաների համակարգաված եւ կանխամտածված կոտորածների զոհ։
«Հարյուր տարի առաջ աշխարհը Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի համակարգված ու կանխամտածված ոչնչացման վկան դարձավ։ Տղամարդիկ, կանայք եւ երեխաները սպանվում էին, ծեծվում, խոշտանգվում, ու նրանց թվում էին նաև իմ սեփական ընտանիքի անդամները », — նշել էր Էշուն: