Արցախի ներկայացուցիչը Գերմանիայի ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) կուսակցության հրավերով Գերմանիայի Դաշնային Հանրապետության երեք երկրամասերում`  մարտի 13-ին կայացած խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել Բադեն-Վյուրտենբերգում:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամլո ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում Վ. Պողոսյանին ընդունել է նաեւ Շտուտգարտի քաղաքապետարանի համայնքի անդամ, Բադեն-Բյուրտեմբերգի երկրամասային խորհրդարանի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության վարչության անդամ Հայնրիխ Ֆիշները:

Վ. Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար եւ նշել, որ ուրախ կլինեն հետագայում եւս քաղաքական գործընթացներում հանդիպումների նոր առիթներ ունենալ:

Ի դեպ, Արցախից առաջին անգամ է դիտորդական առաքելություն իրականացվում եվրոպական ընտրություններին:

Նշենք, որ մարտի 13-ին Գերմանիայի երեք երկրամասերում` Ռեյնլանդ-Պֆալցում,  Սաքսոնիա-Անհալտում եւ   Բադեն-Վյուրտենբերգում կայացած խորհրդարանական ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը բարձր արդյունքներ է արձանագրել: Ընդ որում՝ սոցիոլոգիական հարցումները վկայում են կուսակցության ազդեցության շարունակական աճի մասին:

Scroll Up