Բացի քաղաքացիական պատերազմից այլ ելք չեմ տեսնում Թուրքիայի համար. Կարո Փայլան

Թուրքիայի համար քաղաքացիական պատերազմից բացի այլ ելք չկա: Ֆրանսիական «Telerama» շաբաթաթերթին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը ներկայացնող հայ պատգամավոր Կարո Փայլանը, փոխանցում է «Ասպարեզը»:

Կարո Փայլանի խոսքով՝ այսօրվա քրդերը երեկվա հայերն են, որոնց թուրքերը սպանում են ամենայն անտարբերությամբ:

«Ի տարբերություն հայերի՝ քրդերը զինված են եւ կազմակերպված: Բայց Էրդողանի թիրախը նաեւ խաղաղ բնակիչներն են, այդ թվում կանայք եւ երեխաները: Իսկ Եվրոպան լռում է, մինչդեռ եթե ամեն ինչ վատ ավարտ ունենա, ապա հարյուր հազարավոր քուրդեր կբախի Եվրոպայի դուռը»,- ասել է հայ պատգամավորը:

Փայլանի խոսքով՝ Թուրքիան սխալ քաղաքականություն է վարում եւ սիրիական, եւ քրդական հարցերով: Նա հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ քրդական հարցով խաղաղության գործընթաց էր սկսվել, որին անձնապես աջակցում էր նաեւ Էրդողանը. «Բայց 1914-1915թթ. նման երկրի ղեկավարները սկսեցին հակամարտել փոքրամասնությունների դեմ՝ նրանց ներկայացնելով որպես թուրք ազգի դավաճաններ: Թուրքիայի կառավարությունը երկրում առկա խնդիրները բարդում է քրդերի վրա: Այս ամենը քաղաքացիական պատերազմի մասին է ահազանգում… հայերը զենք չունեին եւ կազմակերպված չէին, իսկ քրդերի դեպքում ճիշտ հակառակն է»:

Այս իրավիճակից խուսափելու համար հայ պատգամավորի կարծիքով պետք է խաղաղություն կնքել քրդերի հետ, մինչդեռ Էրդողանն ընտրել է պատերազմի ուղին:

«Երկու կողմերում էլ արմատական հայացքների տեր անձինք կան: Մենք մեր կուսակցությամբ փորձել ենք համոզել նաեւ քրդական կողմի արմատականներին, որ հավանական պատերազմը հարյուր հազարավոր կյանքեր կխլի, բայց մեր ջանքերն ապարդյուն են: Երբ օգտագործում եմ խաղաղություն բառը, երկու կողմերից ինձ հայհոյում են»,- ասել է պատգամավորը:

Scroll Up