Միջազգային ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/ծրագիր.jpg)
2016 թ. մարտի 20–ին, ժ. 19:00–ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դալիճում տեղի կունենա “MY WAY” համերգ-ձեռնարկը, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցին: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են «Ռուս-հայկական համագոծակցություն» կազմակերպությունից:
Այն կայանալու է համաձայն «Ռուս-հայկական համագոծակցություն» կազմակերպության (նախագահ` Յուրի Նավոյան) և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի կազմկոմիտեի (գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդին) միջև վերջերս Մոսկվայում ստորագրված համագործակցության հուշագրի:
Դրանով նախատեսվում է միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ և հայ կոմպոզիտորների ստեղծագործություններով Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցի միջոցառումների և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային նախագծի շրջանակում տարբեր երկրներում համերգ-ձեռնարկներ կազմակերպել:
Երևանյան համերգ-ձեռնարկին մասնակցելու են ժամանակակից հռչակավոր դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը, դիվանագետ և կոմպոզիտոր Դավիթ Մնացականյանը (Մոսկվա), միջազգային մրցույթների դափնեկիրներ Նիկիտա Մնդոյանցը (Մոսկվա) և Սոնա Արշակյանը (Մոսկվա), Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոմիկ նվագախումբը, դիրիժորներ Կրիստոֆեր Վալլանդերը (Շվեդիա) և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը: Շվեդ աշխարհահռչակ դաշնակահար Ռոբերտ Վելսը միջոցառումը կողջունի տեսաուղերձով:
Մարտի 20-ի երևանյան համերգ-ձեռնարկով դրա կազմակերպիչներն ու մասնակիցները զորակցություն են հայտնում ցեղասպանությունների և մարդկության դեմ այլ ծանր հանցագործությունների դատապարտման և կանխարգելման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և հայ հասարակության ջանքերին:
«MY WAY» համերգ-ձեռնարկը տեղի կունենա ՀՀ մշակույթի նախարարության և «Փյունիկ» հմնադրամի աջակցությամբ: