Դեսպան Թումանյանը հանդիպել է Թեհրանի նահանգապետի հետ

Մարտի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց Թեհրանի նահանգապետ Սեյեդ Հոսեյն Հաշեմիի հետ:

Դեսպան Թումանյանը կարևորեց երկու երկրների նահանգների և մարզերի միջև կապերը և պատրաստակամություն հայտնեց աջակցել Թեհրանի նահանգի հետ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանը դեսպան Թումանյանն անդրադարձավ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և որպես օրինակ ընդգծեց քաղաքացիական ավիացիայի բնագավառը: Խոսվեց նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և տնտեսական մի շարք այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունների մասին:

Թեհրանի նահանգապետը նշեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո բարենպաստ պայմաններ են ստեղծվել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այդ համատեքստում նահանգապետը տեղեկացրեց նաև, որ Թեհրանի «Էմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի շրջակայքում կառուցվում են նոր ազատ տնտեսական և արդյունաբերական գոտիներ, և նշեց, որ այս նոր ազատ գոտիներն օտարերկրյա ներդրողների համար լավագույն վայր կարող են հանդիսանալ:

Նահանգապետը կարևորեց նաև զբոսաշրջության զարգացումը, մշակութային կապերի ընդլայնումը, ցուցահանդեսների կազմակերպումը և համագործակցության այլ ծրագրերի իրականացումը:

Scroll Up