Երևանում կբացվի Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերի լուսանկարների ցուցահանդես

ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մարտի 29-ին բացվելու է «Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը` ձևավորված Սանկտ-Պետերբուրգի կրոնների պատմության պետական թանգարանի հավաքածուի բացառիկ նմուշներով:

Ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի՝ ցուցահանդեսին, որն ընդգրկում է XIX և ХХ դարասկզբի հայտնի լուսանկարիչներ Ֆ. Բոնֆիսի, Բ. Գենտշելի, Ի. Բարշչևսկու և այլոց աշխատանքները, ներկայացվելու են Պաղեստինի կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուի 60-ից ավելի լուսանկարներ: Նկարները, փաստելով և փաստագրելով Հայ առաքելական եկեղեցու բազմադարյա պատմությունը և ռուսական հոգևոր ներկայությունը Սուրբ երկրում, նպատակ ունեն ներկայացնելու Երուսաղեմի ճարտարապետական հուշարձանները, հայկական և ռուսական տաճարների գեղարվեստական հարդարանքը, սրբավայրերը:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև 2016 թվականի մայիսի 5-ը:

Scroll Up