Գյումրիում 13-ից ավելի անօթեւաններ բնակարաններ կստանան. դրամահավաքը գերազանցել է սպասելիքները

Գյումրիի անօթեւան 13 ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով կազմակերպված դրամահավաքի շրջանակում փաստացի ձեռք է բերվել 11 բնակարան: Այս մասին, ըստ news.am-ի, այսօր` մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Երեւանը Գյումրիի կողքին է» նախաձեռնության հեղինակներից Մաքսիմ Սարգսյանը:

«Ստացվում է, որ նպատակը գերազանցվել է, այս դեպքում լավ իմաստով: Բնակարաններ կստանան նաեւ այլ անօթեւաններ, որոնք ընդգրկված չեն ցանկում: Մյուս շահառուները կընտրվեն թափանցիկ կերպով, բնակարանները կհատկացվի ծայրահեղ պայմաններում ապրող ընտանիքներին»,- նշեց «Երեւանը Գյումրիի կողքին է» նախաձեռնության հեղինակը:

Մաքսիմ Սարգսյանի խոսքով`11 բնակարաններից բացի խոստացվել է եւս երկու բնակարան:

«Այս երկու բնակարանների հարցը հստակ չէ, չէի ցանկանա օդում ասել, բայց որ խոստացվել է մի ամերիկահայուհու եւ պատգամավորի կողմից՝ հստակ է»,-ասաց նա:

Միջազգային Crowdfunder կայքում այս պահի դրությամբ, նրա խոսքով, հավաքվել է 26 000 ֆունտ ստերլինգ, իսկ բարեգործական համերգների եւ փոքր դրամահավաքների արդյունքում` մոտ 11 մլն 87 000 ՀՀ դրամ:

Մաքսիմ Սարգսյանը տեղեկացրեց, որ մարտի 20-ին՝ ժամը 17:00-ին, Երեւանի Հյուսիսային պողոտայում տեղի կունենա բարեգործական համերգ, որին կմասնակցեն 30 երգիչ-երգչուհիներ, եւ խմբեր` Քրիստինե Պեպելյանը, Արսեն Սաֆարյանը, Սոնա Ռուբենյանը, Մերի Մնջոյանը, Սոնան, «Ռեինկարնացիա» խումբը եւ այլք:

Նշենք, որ SOS թիմի անդամներին հաջողվել է բանակցել միջազգային Crowdfunder կայքի հետ ու դրամահավաքին անհրաժեշտ գումարի շեմը իջեցնել մինչեւ 27 հազար ֆունտի: Դրամահավաքն ավարտվում է մարտի 20-ին:

Մարտի 19-ին տեղի կունենա բարեգործական աճուրդ, որտեղ վաճառքի կհանվեն  Մադրիդի «Ռեալի» եւ Բարսելոնայի առաջատար ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկները եւ դրոշը՝ Լիոնել Մեսսիի, Չավիի, Ինյեստայի, Տիերի Անրիի ու թիմի 10 աստղերի ստորագրությամբ:

Դրամահավաքին անդրադարձել են միջազգային լրատվամիջոցները, աջակցություն է ցույց տվել Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը: Իսկ գյումրեցի հռչակավոր ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը անօթեւաններին աջակցելու նպատակով Գյումրիի տնակային ավաններից մեկում փետրվարի 28-ին բարեգործական համերգ ունեցավ:

Scroll Up