«Յուրաքանչյուր հայի պարտքն է խոսել և մտածել հայերեն»

Մարտի 13-ին Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում ռուսաց լեզվի ուսուցչուհի Ա. Այվազյանը իր խմբակի սաների հետ կազմակերպել էր «Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես» խորագրով միջոցառում, որտեղ մշակութային կենտրոնի սաները ներկայացրին ռուսաց լեզվի դերը հայ ժողովրդի կյանքում: Այս մասին հայտնում է Akhaltskha.net կայքը:
Սկզբում հաղորդավարը ներկայացրեց միջոցառման նպատակը, որից հետո մասնակիցները ռուսաց լեզվով գովեցին ու փառաբանեցին Հայաստանն ու հայոց լեզուն, ներկայացրեցին հումորային կատարումներ, իսկ ուրախ և բարձր տրամադրությունն ապահովեց երգն ու պարը:
Պարի խմբակի սաները կատարեցին Ռուս-հայկական պարային մեկ համադրում «Քոչարի- Փափուռի-Կատյուշա», առանձին-առանձին ներկայացնելով երկու ազգերի հայկական և ռուսական պարերը միացան և ստացվեց շատ գեղեցիկ և յուրօրինակ կատարում:
Իսկ վերջում աշակերտներից մեկը հայերեն լեզվով բոլորին կոչ արեց, որ ինչքան էլ սիրենք և սովորենք օտար լեզուները, միևնույն է` մեզ համար առաջնայինն ու կարևորը պետք է լինի մեր մայրենին` հայոց լեզուն: Յուրաքանչյուր հայի պարտքն է խոսել և մտածել հայերեն: