«Խոջալու» արշավի ողջ լրջությունը

Նյու Յորքից Սառա Գասպարյանը «Հայերն այսօրին» գրում է.
Այս օրերին ԱՄՆ Արևելյան ափի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները և նրանց աջակիցները չեն հասցնում գոնե մի քիչ «ձանձրանալ»։ Խոջալուի ճանաչման ազերիների արշավը, թափ առնելով և ընդգրկելով ԱՄՆ նորանոր նահանգներ, անակնկալ բացահայտումի և հակազդեցության լարված իրավիճակ է պարտադրել։ Խոջալուի հիշատակման օր ունենալու մասին ԱՄՆ երեք նահանգների (Հավայի, Մոնտանա, Նեբրասկա) նահանգապետերի հայտարագրերին հետևեց Կենտուկի նահանգի հանրապետական սենատոր Դամոն Թեյերի առաջարկած ավելի կոշտ, թիվ՝ 168 բանաձևի նախագիծը, ինչը բարեբախտաբար հնարավոր եղավ կանխակալել մինչև քննարկման դնելը:
Մարտի 1-ին Կենտուկի նահանգի սենատի ուշադրությանն է ներկայացվել իր ոգով և բովանդակությամբ աննախադեպ հակահայկական մի բանաձև, որտեղ 1988-ից սկսված արցախյան պայքարը որակվում է որպես՝ Ղարաբաղում ազերիների դեմ իրագործված էթնիկական զտում: Նշվում է որ Խոջալուում սպանվել է 613 խաղաղ բնակիչ, որոնցից՝ 106 կին, 83 երեխա, 70 ծեր, 150-ը՝ անհետ կորել, 1270 հոգի գերեվարվել է: Բանաձևում այս փաստերի աղբյուր են նշվում Human Rights Watch / Հելսինկյան կազմակերպության տվյալները: Սենատոր Դամոն Թեյերն իր առաջարկած բանաձևում Խոջալուն կոչում է՝ «Ադրբեջանի Սրեբրեննիցա»: Ընդգծում, թե ինչ է ասել այն ժամանակ Խոջալուի գործողություններին մասնակցած ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, փաստորեն՝ անուղղակի մեղադրելով նրան Խոջալուի սպանդի կազնակերպման մեջ: Բանաձևի 3 էջանոց տեքստում սենատոր Թեյերը նշում է նույնիսկ՝ Մոնթե Մելքոնյանի անունը, անվանելով նրան՝ ահաբեկիչ:
Ես մանրամասներ ներկայացրեցի թիվ 168 բանաձևից ցույց տալու համար թե ինչ աստիճանի մոլորության մեջ կարող են գցել ազերիները արցախյան խնդրից հեռու և անտեղյակ ամերիկյան պաշտոնյաներին, որոնք հաճախ, ցավոք, տեղի են տալիս ալիևյան՝ «Խոջալու» – «ջո՜ւ-ջա՜-լա՜ր» միջազգային լոբբիստական արշավի գայթակղությանը: Ու եթե չլիներ ԱՄՆ Արևելյան ափի Հայ Դատի հանձնախմբի ահազանգը. կարճ ժամանակում Կենտուկիում հայեր «պեղել-գտնելու», էլեկտրոնային նամակ – բողոքների, զանգերի միջոցով որպես ընտրողներ նրանց ձայնը բարձրացնելու գործում, հակահայ այս բանաձևը կարող էր և երկուշաբթի՝ մարտի 7-ին, անցնել: Ի դեպ՝ Հայ Դատի գրասենյակի երիտասարդ համակարգողներ՝ Արթուր Մարտիրոսյանի և Արմեն Սահակյանի կանխակալ և փայլուն աշխատանքի շնորհիվ վերջին մի քանի ամիսների ընթացքում հնարավոր եղավ տապալել Ադրբեջանի հովանավորած «Խոջալուի» բանաձևերը երկու նախագահներում ևս՝ Այդահո և Նյու Հեմպշիր:
Երբ հինգ տարի առաջ ազերիները սկսեցին Խոջալուի քարոզարարշավը, ի զարման իրենց, չհանդիպեցին հայկական կողմի անհրաժեշտ հակազդեցությանը: Այդ թվականներին հայկական կողմի «անատամ» պահվածքի հետևանքներին ենք այսօր առերեսվել: Այլապես ինչպե՞ս բացատրել, որ հսկայական հայ համայնք ունեցող Մասաչուսեթս նահանգում 2010-թին ադրբեջանցիները կարողացան Խոջալուի դատապարտման առաջին բանաձևն անցկացնել:
Հետո թափանիվն արդեն դժվար եղավ կասեցնել:
Ընդ որում նահանգային սենատի բանաձևերում առկա է՝ «Խոջալուում հայերի իրագործած ցեղասպանություն» եզրույթը: Այո, ԱՄՆ ֆեդերալ ատյաններում այս արշավը որևէ հաջողություն չունի, սակայն այն ինչ տեղի է ունենում այսօր ԱՄՆ նահանգային տիրույթում վտանգավոր հենք է նախապատրաստում ալիևյան ստահոդ այս քարոզարշավի հետագա քայլերի համար:
Միջազգային առումով «Խոջալուն» բացի Ադրբեջանից ճանաչել են՝ Մեքսիկան, Թուրքիան, Պակիստանը, Կոլումբիան, Սուդանը և Գվատեմալան: «Խոջալուին» նվիրված հուշարձաններ կան Բեռլինում և Հաագայում:
Ինչո՞ւ է Ադրբեջանն այսքան համառորեն լծված «Խոջալուի» ճանաչման գործընթացին: Թերևս՝ երկու պատճառով: Առաջինը՝ օգտագործելու «Խոջալուն» որպես Ադրբեջանը աշխարհին ներկայացնող այցեքարտ, քանզի՝ դրա կարիքը ունի որպես կարճ պատմություն ունեցող և հայկական «պոգրոմներով» հայտնի երկիր:
Երկրորդ՝ «Խոջալուն» իր ուռճացված թվերով և աղավաղված փաստերով որպես «ցեղասպանություն» ճանաչել տալու ազերական թափանիվը նպատակ ունի մի օր վերջնական հանգրվան գտնել Հաագայի Միջազգային դատարանում, որակվելու որպես՝ պատերազմական հանցագործություն և այդ գործողության ղեկավարներին արժանացնելու Միլոշևիչի ճակատագրին:
Մյուս տարի լրանում է «Խոջալուի» 25-րդ տարելիցը: Ակնկալվող «ցունամին» արդեն այսօր իրեն զգացնել է տալիս: Վաղուց ժամանակն է միջազգային իրավագետների, իրավաբանների միջոցով հակազդել, թե որքանո՞վ է հնարավոր ցեղասպանություն եզրույթը կիրառել Խոջալուի դեպքում:
Մենք չենք կարողանում Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրագործված արյունոտ ռասիզմի միջազգային ճանաչման և դատապարտման պատշաճ գործընթաց կազմակերպել: Եթե արվեր՝ «Խոջալուի» քարոզչամեքենան այսքան հեռու չէր գնա: