Գագիկ Հարությունյան. Սիրիայում հաստատված հրադադարի առաջին քայլերը հուսադրող են

Սիրիայում հրադադարի հաստատումը պարտադրված քայլ էր բոլորի համար: Ըստ Panorama.am-ի՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Ըստ նրա, Սիրիայում ստեղծվել էր իրավիճակ, որ գործում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ահաբեկչական, ռազմական բնույթի գործողություններ էր իրականացնում, իսկ արևմտյան շատ երկրներ օգնելով ընդդիմության ուժերին, որոնք, իրենց հերթին պայքարում էին Սիրիայի նախագահ Ասադի դեմ, նպաստում էին ԻՊ առաջխաղացմանը:

Գ. Հարությունյանի խոսքով, ՌԴ ռազմական մուտքն այդ երկիր և ահաբեկիչների դեմ ակտիվ պայքարը բավականին լուրջ հաջողությունների հանգեցրեց:

«Հաստատված հրադադարն արդյունավետ է, որովհետև տարբեր ընդդիմադիր ջոկատներ միացել են հրադադարին, տարբեր տեղեր բանակցություններ են ընթանում խմբավորումների միջև»,- ասաց նա:

Գ. Հարությունյանի կարծիքով, հրադադարի առաջին քայլերը հուսադրող են, անգամ վերլուծաբանների մոտ է հույս առաջացել, որ թունելի վերջում, շատ հեռու, լույս է երևում: Միաժամանակ նա հավելեց, որ  վերջնական արդյունքի հասնելու համար դեռ երկար ժամանակ է անհրաժեշտ:

«Ռուսաստանի կողմից մի գաղափար է առաջ քաշվել՝ Սիրիան դաշնության վերածելու մասին: Սթափ մոտեցում է, կարող է արտահայտել բոլորի կամքը»,- ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենը:

Scroll Up