Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը ռուսական «Նիկա» մրցանակի հավակնորդներից է

Հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը ռուսական «Նիկա» կինոմրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդներից է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ֆիլմը նոմինացված է նաև «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարագում, իսկ երկրորդ պլանի լավագույն դերասան ու դերասանուհի անվանակարգերի հավակնորդներից Միխայիլ Եֆրեմովն ու Մարիա Շալաևան առաջադրվել են «Սիրո մասին» ֆիլմում դերակատարության համար:
«Նիկա» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2016 թվականի ապրիլի 1-ին: Ռեժիսոր Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմը 2016-ի հունվարի 29-ին արժանացել էր ռուսական «Ոսկե արծիվ» մրցանակին՝ որպես տարվա լավագույն խաղարկային ֆիլմ։ Ավելի վաղ ֆիլմը «Գրան պրի» մրցանակ էր շահել «Կինոտավր» փառատոնում: «Սիրո մասին»-ը բաղկացած է մի քանի նովելներից: Ի՞նչ է սերը. այս հարցին փորձում են պատասխանել ֆիլմի հերոսները:
Բազմաթիվ կերպարներ և սիրո ամենատարբեր պատմություններ միախառնելով մեկ ֆիլմում՝ ռեժիսորը փորձում է գտնել այդ հարցի պատասխանը: Աննա Մելիքյանի ֆիլմում խաղացել են Միխայիլ Եֆրեմովը, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլիա Սնիգիրը, Ռավշանա Կուրկովան և այլք: