«Հերացի» ավագ դպրոցի սաները ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում

Մարտի 4-ին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների մի խումբ սաներ հայոց լեզվի և գրականության ուսուցիչների հետ հյուրընկալվեցին ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում` ներկայացնելու իրենց ինքնուրույն հետազո­տական աշխատանքները: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում են Լեզվի ինստիտուտից:

Լեզվի ինստիտուտի տնօրեն Վ. Կատվալյանը, ողջունելով նրանց մուտքը ինստիտուտ, իր ելույթում նշեց, որ հետազոտական աշխատանքը ամենահաճելի աշխատանքն է, և ամեն հետազոտող պետք է քաջ գիտակցի, որ իր գործով ծառայություն է  մատուցում իր հայրենիքին ու ժողովրդին: Պարոն Կատվալյանն իր խոսքում մեկ անգամ ևս անդրադարձավ հայերենն անաղարտ պահելու, մշակելու և զարգացնելու կարևորությանը: Նաև նշեց, որ այս առումով Լեզվի ինստիտուտը համագործակցում է ՀՀ սփյուռքի նախարարության հետ, որը, ի դեմս նախարար Հրանուշ Հակոբյանի,  մեծապես շահագրգիռ է հայերենի խնդիրներով թե´ հայր­ենիքում  և  թե´ Սփյուռքում:

Այնուհետև խոսքը տրամադրվեց  ՀՀ սփյուռքի նախարարության ներկայա­ցուցչին` գիտակրթական բաժնի պետ տիկին Սիրվարդ Համբարյանին: Նա աշակերտներին փոխանցեց նախարարի ողջույնի խոսքը, որում մասնավորապես կոչ էր արվում հայ դպրոցականներին` լինել հայոց լեզվի պահապանը և տարածողը:

Աշակերտները ներկայացրին իրենց ուսումնասիրությունները, որոնք նվիրված էին հայերենի,  հայ գրականության և հայ փիլիսոփայական մտքի ամենատարբեր հարցերի:

Բոլոր զեկուցողները Լեզվի ինստիտուտի գիտաշխատողների կողմից արժանացան դրվատանքի և խրախուսանքի:

Իրենց դիտարկումներն արեցին հայտնի լեզվաբաններ Լ. Հովսեփյանը, Ռ. Թոխմախյանը, արդի հայերենի բաժնի վարիչ Ն. Սարգսյանը, հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գ. Մխիթարյանը, ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ  Հ. Սուքիասյանը:

Հանդիպման վերջում Սփյուռքի նախարարության և Լեզվի ինստիտուտի կողմից  գրքեր նվիրվեցին զեկուցումով հանդես եկած աշակերտներին, հայոց լեզվի և գրա­կանության ուսուցիչներին:

հերացի2 հերացի3 հերացի4հերացի

Scroll Up