Թուրքիայի հետախուզությունը փորձում է հայկական ծագում գտնել Դինքին սպանողների անցյալում

Պոլսահայ հայտնի լրագրող, հասարակական գործիչ, Թուրքիայում հայերեն և թուրքերն հրատարակվող «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության առթիվ հարուցված քրեական գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել:

«Ակօս» -ում տեղ գտած տեղեկության համաձայն՝ գործին կից մի փաստաթղթից պարզ է դարձել, որ սպանությունից անմիջապես հետո Թուրքիայի հետախուզական մարմիններն ուսումնասիրություն են անցկացրել՝ պարզելու համար, թե արդյո՞ք Դինքի սպանության մեջ մեղադրվող անձիք հայկական ծագում ունեն:

2007թ. հունվարի 23 (հանցագործությունից 5 օր անց) ամսաթվով թվագրված և միայն  2015թ. հոկտեմբերին գործին կցված տեղեկանքը վկայում է այն մասին, որ սպանության անմիջական կատարող Օգյուն Սամասթի և պատվիրատու Յասին Հայալի ծագման վերաբերյալ պետական արխիվներում հետընթաց ուսումնասիրություն է կատարվել՝ ընդհուպ մինչև 1900-ականների սկիզբ: Արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ անձանց տոհմում «հավատափոխ եղած»  կամ «ոչ մուսուլման» որևէ մեկը չի եղել:

ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ «Ակօսը» նկատել է տալիս, որ սույն ուսումնասիրությունը մի շարք կարևոր, սակայն անպատասխան հարցեր է առաջացնում:
Մասնավորապես.

1. Արդյո՞ք թուրքական պետական հետախուզական մարմինները յուրաքանչյուր հանցագործության դեպքում ուսումնասիրում են հանցագործի ծագումնաբանությունը, թե դա անում են միայն այն դեպքում, երբ հանցագործության  թիրախում հայերն են լինում:

2. Վերոնշյալ տեղեկանքը վկայում է, որ պետությունն ունի յուրաքանչյուր քաղաքացու տոհմածառի մի քանի սերունդների վերաբերյալ համապարփակ տվյալների բազա: Այդ տեղեկությունները ուրիշ որտե՞ղ և ի՞նչ նպատակներով են օգտագործվում:

3. Նախորդ շաբաթ քաղաքացիական կացության ակտերով զբաղվող գլխավոր վարչությունը հայտարարել էր, թե ազգային փոքրամասնությունների դպրոցներում հաշվի առնվող «ազգային կոդը» արդեն ամբողջությամբ հանվել է պետական համակարգից: Մինչդեռ վերոնշյալ տեղեկանքին ծանոթանալուց հետո մի՞թե հնարավոր է լրջորեն հավատալ, թե այն ամբողջովին կչեղարկվի:

4. Եվ, թերևս, ամենակարևորը. ի՞նչ նպատակով է իրականցվել մեղադրյալների տոհմի ուսումնասիրությունը: Արդյո՞ք այն դեպքում, եթե պարզվեր, որ հանցագործները ևս հայ են, պետությունը Դինքի սպանությունը վերագրելու էր հայկական սփյուռքին:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դժվար թե երբևէ հնարավոր լինի ստանալ:

Scroll Up