Մեր տեսլականն է վերականգնել Շուշիի կրթական, մշակութային ու զբոսաշրջային վաղեմի փառքը. Արցախի վարչապետ

«Վերջին տարիներին շոշափելի աշխատանք է կատարվել գյուղի ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ»,-այս մասին նշել է Քարին տակ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանին գյուղի մեկամյա գործունեության հաշվետվությունների ներկայացման ժամանակ: Տեղեկանում ենք ԼՂՀ կառավարության պաշտոնական կայքից:

Նրա խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվել են համայնքային կենտրոնի և դպրոցի մարզադահլիճի շենքերը, ինչպես նաև անցկացվել է ջրագիծը: Առկա խնդիրներից համայնքի ղեկավարն առանձնացրել է ճանապարհների բարեկարգման և մանկապարտեզի շենքի կառուցման հարցերը:

«Մանկապարտեզի շենքի կառուցումը կմեկնարկի այս տարի, իսկ ճանապարհների բարեկարգման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռք կառնենք՝ համատեղ ուժերով այդ խնդիրը ևս կարգավորելու նպատակով: Մնում է դուք ավելի նախաձեռնող գտնվեք ձեր ինքնազբաղվածության աստիճանը և սեփական եկամուտների չափն ավելացնելու ուղղությամբ, քանի որ գլխավորապես դրանցից է կախված բնակիչների բարեկեցության մակարդակը»,- ասել է Ա. Հարությունյանը՝ դիմելով ներկաներին:

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ պետական և բարեգործական միջոցներով քաղաքում իրականացվել են մեծածավալ ծրագրեր, որոնք բարելավել են համայնքի ինչպես ենթակառուցվածքները, այնպես էլ քաղաքաշինական տեսքը: Սակայն, համայնքապետի խոսքով, ավերված հուշարձանների ու ենթակառուցվածքների թիվը մեծ է, և բերդաքաղաքի վերականգնման համար զգալի ներդրումների կարիք կա:

Անդրադառնալով քաղաքապետի և բնակիչների կողմից հնչեցված դիտարկումներին և հարցերին՝ վարչապետն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Շուշին մեր պատմական հպարտությունն է, և մենք պարտավոր ենք ձեռք զարկել նրա վերականգնման և զարգացման պատասխանատու գործին: Նախորդ տարիներին զգալի աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ՝ պետական և բարեգործական միջոցներով: Բացի ենթակառուցվածքների վերականգնումից ու պետական որոշ կառույցներ Շուշի տեղափոխելուց, նախաձեռնել ենք նաև մշակութային և կրթական մի շարք հաստատությունների ստեղծումն ու տեղափոխումն այստեղ, որոնք նոր շունչ և խթան են հաղորդել նրա զարգացման ընթացքին: Այնուհանդերձ, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, քանի որ այս փառավոր քաղաքի ցանկալի մակարդակի զարգացման համար մեծ գումարներ են պետք: Մեր տեսլականն է վերականգնել Շուշիի կրթական, մշակութային ու զբոսաշրջային վաղեմի փառքը, և շուտով այդ նպատակին ուղղված նոր նախաձեռնությունների ականատես կլինեք»:

Ա. Հարությունյանը ներկայացրել է իր մոտեցումները Շուշիում հիմնված կրթական հաստատությունների նպատակների և հեռանկարների վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ «Շուշիի տեխնոլոգիական համալսարանը» և «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարանը», որպես արդի պահանջներին և մեթոդներին համապատասխանող կրթօջախներ, իրենց կարևորագույն ներդրումն են ունենալու ոչ միայն Շուշիի, այլ նաև ողջ Արցախի հետագա զարգացման գործում:

Scroll Up