Գարո Փայլանը դավանանքի ազատություն է պահանջել Թուրքիայի փոքրամասնությունների համար
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Garo-Palyan.jpg)
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը մեջլիսի հերթական նիստի ժամանակ պաշտպանել է երկրում կրոնական փոքրամասնությունների դավանանքի ազատությունը, գրում է Artsakhpress.am-ը:
Ինչպես հաղորդում է թուրքական Demokrathaber.net-ը, Փայլանը մեղադրել է երկրի իշխանություններին քրիստոնյաների և մյուս կրոնական փոքրամասնությունների դավանանքի ազատության իրավունքը խախտելու մեջ:
«Բոլորս, այդ թվում և ես, հարկ ենք վճարում, քրիստոնյաները, մուսուլմանները, ալևիները, բոլոր դավանանքի և կրոնի տեր մարդիկ հարկ են վճարում: Սակայն կրոնական գործերի նախարարությունը ծառայում է միայն մեկ կրոնի և դրա մի ուղղությանը»,- նշել է պատգամավորը: Գարոն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին, որտեղ նա ասել էր, թե «կրոնական հասարակություն է ցանկանում»: Հայ քաղաքական գործիչը հետաքրքրվել է, թե այդ պարագայում ինչո՞ւ չեն բացվում հոգևոր դպրոցները: «Այսինքն քրսիտոնյաները կրոնական լինելու իրավունք չունե՞ն: Ինչո՞ւ: Ինչո՞ւ օրինակ Հայոց պատրիարքարանի հոգևոր դպրոցը պետք է փակ լինի: Կամ Հեյբելի կղզու հոգևոր դպրո՞ցը»,- հարցադրում է արել Փայլանը:
Նա փաստել է, որ կրոնական գործերի նախարարությունն օգտագործում է իրենց հարկերից գոյացած բյուջեն, սակայն արդյունքում ինքը չի ստանում ազատ և հավասար դավանանքի իր իրավունքը: