Թաֆթս համալսարանում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության և ժխտողականության վերաբերյալ միջոցառում կանցկացվի
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/03/Tafts.jpg)
ԱՄՆ Թաֆթս համալսարանում ապրիլի 6-ին Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող միջոցառում տեղի կունենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման ծրագրում ներառված է Հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ընկերակցության (NAASR) գիտական հարցերով տնօրեն Մարկ Մամիկոնյանի դասախոսությունը՝ «Գիտական հանրությունը և Հայոց ցեղասպանությունը. առկա իրավիճակն ու ժխտողականությունը» խորագրով:
Դասախոսության ընթացքում կներկայացվեն Հայոց ցեղասպանության գիտական հետազոտությունների ներկա զարգացումները և Ցեղասպանության ժխտման համառոտ պատմությունը՝ հատկապես ուշադրություն դարձնելով ամերիկյան ակադեմիական շրջանակներում ժխտողականության դրսևորւմներին:
Ըստ կազմակերպիչների՝ վերջին երկու տասնամյակում թե քանակապես, թե որակապես կտրուկ ավելացել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտական հետազոտությունները: Միևնույն ժամանակ, նկատելիորեն վերափոխվել են գիտական դաշտում Ցեղասպանության ժխտողականության ավանդական մարտավարությունները: Ժխտողականության ներկայացուցիչները, դուրս գալով տեղի ունեցածն ուղղակիորեն ժխտելու կամ այն որպես ցեղասպանություն չհամարելու դիրքորոշման շրջանակներից, այժմ այլ մարտավարություն են որդեգրել:
Նրանք այժմ փորձում են, 1950-ականների ծխախոտային ընկերությունների լոբբիստների կամ, այսպես կոչված, գլոբալ տաքացման սկեպտիկների նմանությամբ, իբր ցեղասպանության հիմնախնդրի ոչ միանշանակության և դրա շուրջ դեռևս շարունակվող գիտական բանավեճի տպավորություն ստեղծել:
Նման հակազդեցությունը ժամանակի ընթացքում մասամբ արդարացված ու ակադեմիական շրջանակներում որոշակի հաստատուն դիրքորոշում ստեղծելու ազդեցիկ մեթոդ է ժխտողականների համար: