Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած է եղել ոչ միայն հայ տղամարդը, այլև հայ կինը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարությունում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում, որին մասնակցում էր նախարար Սեյրան Օհանյանը:
Միջոցառմանը մասնակցում էին զինված ուժերում միաժամանակ ծառայություն իրականացնող երեք զինծառայողների մայրերը, ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչներ, կին զինծառայողներ և ազատամարտիկներ, կին պատգամավորներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր խոսքում նախարարության աշխատակազմի անունից շնորհավորեց ներկաներին կանանց միջազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով բոլորին հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ: «Նայելով այս գեղեցիկ դեմքերին և ժպիտներին՝ միանշանակ հասկանալի է, որ հայ ժողովուրդը իր պատմությունը կերտել և այսօր էլ կերտում է մեր գեղեցիկ կանանց՝ մեր մայրերի, մեր քույրերի հետ միասին: Դժվար է թե գտնվի մեկ այլ ժողովուրդ, որ կարողանա այդքան գեղեցիկ կերպով կանանց միջազգային տոնը ներկայացնել որպես նրանց իրավունքների պաշտպանության խորհրդանիշը՝ դարձնելով այս տոնը միամսյակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:
Նախարարը հավելեց, որ իզուր չէ, որ հայ կնոջ մեծարման տոնակատարությունն առաջինը սկսում է հենց պաշտպանության նախարարությունը, հայկական բանակը, որովհետև բանակը տղամարդկանց մի մեծ հասարակություն է, որը իր մեջ կրում է ողջ սերն ու հարգանքը կնոջ նկատմամբ, զգում է նրանց ջերմությունը, ուստի առաջին արտահայտությունը պետք է լինի հենց բանակի ողջ անձնակազմի կողմից: «Հայկական բանակը մեծ ճանապարհ է անցել: Յուրաքանչյուր հայի շուրթերից հնչած հայկական բանակ արտահայտության ակունքներում մենք պետք է տեսնենք ահռելի, դժվար, չարքաշ, պատերազմական ու մարտական գործողություններով անցած ճանապարհ, որի ակունքներում կանգնած է եղել ոչ միայն հայ տղամարդը, այլ նաև հայ կինը: Այդպես եղել է մեր ողջ պատմության ընթացքում: Թվում է՝ հայ կինը խորհրդանիշ է միայն հայկական ընտանիքի ջերմության, բայց մեր պատմությունը թույլ է տալիս ասել, որ կինն անհրաժեշտության դեպքում վերցրել է զենքը և տղամարդու հետ կրել ու կռել է մեր ամբողջ պատմությունը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ հայկական բանակը մի ամբողջական կերպար է, որը ներկայացնում է հասարակության բոլոր ուղղությունները, ներառում է հասարակության բոլոր խավերին: «Իզուր չէ, որ այս միջոցառմանը հրավիրված են մեր հասարակության բոլոր ներկայացուցիչները: Այսօր մեզ հետ են տարբեր հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մայրեր, ովքեր մեզ համար դժվար ժամանակներում իրենց որդիներին ուղարկել են հայրենիքը պաշտպանելու: Եվ հենց նրանց որդիների հերոսության և անձնազոհության շնորհիվ մենք կարողացանք տանել հաղթանակներ, ապահովել մեր ժողովրդի այսօրվա խաղաղ արարումը: Այստեղ են մայրեր, ում որդիները ոչ միայն արցախյան ազատամարտի, այլ նաև հետպատերազմյան տարիների ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, հիմք ընդունելով ավագ եղբայրների, հայրերի և պապերի սխրագործությունները, իրենց քայլերով ապահովեցին այսօրվա մեր խաղաղ արարումը:
Այսօր այս դահլիճում ներկա այդ մայրերից շատերը իրենց ուսերի վրա կրել են շատ դժվարություններ, բայց այսօր նորից ոգևորված շարունակում են իրենց գործունեությունը՝ ի փառս Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի խաղաղ արարման»,- հավելեց նախարարը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը միջոցառման ընթացքում ՀՀ ՊՆ պատվոգրերով, շնորհակալագրերով ու մեդալներով պարգևատրեց կին ազատամարտիկների, հայրենական մեծ պատերազմի կին վետարանների, բանակում միաժամանակ երեք որդի ունեցող զինծառայողների մայրերի, բանակում աշխատող կանանց, ՀՀ ՊՆ կին աշխատակիցների, բանակի զարգացման գործում ներդրում ունեցած հասարակական կազմակերպությունների կին ղեկավարների: Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով: