«Հոգու անարատ վիճակը» ֆիլմը պատմում է Թուրքիայում ծպտյալ հայ ընտանիքի մասին
Երկար տարիներ Թուրքիայում ապրելով իբրև թուրքեր և մուսուլմաններ Դերսիմից Ստամբուլ տեղափոխված Իրեսների՝ Երիցյանների ընտանիքը վերջին տարիներին մկրտվել է ու վերադարձել իր արմատներին։ Նրանք այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեցին, թե ինչ դժվարությունների են հանդիպել Դերսիմում, իսկ հետո նաև Ստամբուլում մկրտվելուց հետո, գրում է Tert.am-ը:
70-ամյա Հարություն Իրեսը, ով վերջին տարիներին է մկրտվել, խնդիրներ է ունեցել հենց ընտանիքի ներսում։ Նրա կինը, ով ևս ծպտյալ հայ է եղել, չի ցանկացել, որ ամուսինը մկրտվի և հասարակության մեջ ներկայանա իբրև հայ։
«Նա ասում էր, որ մեզ համար խնդիրներ կարող են առաջանալ, հիմա մենք հանգիստ ապրում ենք, այսքան տարի մեզ մարդիկ ճանաչել են որպես մուսուլման և հիմա կարիք չկա, որ իմանան հայ ենք»,- պատմեց նա։
Հովհաննես Իրեսը նաև պատմեց, որ կյանքի մի զգալի մասն անց է կացրել Դերսիմում և միշտ տեսել է, թե ինչպես են իր ծնողները, չունենալով աղոթատեղի, տանը թաքուն աղոթել, բայց երբեք չեն բացատրել փոքրերին, թե ինչ են անում։
«Ասում էին սա ձեր գործը չէ, դուք պետք չէ որ իմանաք։ Հետո երբ հաճախեցի դպրոց, անընդհատ ասում էին՝ դու հայ ես, ու ես հարցնում էի տատիկիս՝ ինչ ասել է հայ, դա ինչ է, բայց ինձ էլի չէին պատասխանում ու ասում էին՝ դու մի իմացիր։ Ես այդպես էլ չկարողացա ավարտել դպրոցս, հինգերորդ դասարանում դուրս եկա դպրոցից ու կարուձև սովորեցի, որով զբաղվեցի ամբողջ կյանքում։ Ես մկրտվեցի հետագայում Ստամբուլում ու իմ 7 երեխաներին ու թոռներին պատմեցի ողջ ճշմարտությունը։ Հիմա նրանք էլ աստիճանաբար մկրտվում են։ Ես ցանկանում եմ, որ գերդաստանով տեղափոխվենք Հայաստան»,- ասաց նա և նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ է հպարտանում ու հուզվում։
Իր ընտանիքի այս պատմության մասին Հարություն Իրեսի թոռը՝ Ուղուր Էգեմեն Իրեսը, ով կինոռեժիսոր-վավերագրող է, ֆիլմ է նկարել՝ «Հագու անարատ վիճակը»՝ ներկայացնելով Թուրքիայի հասարակական կյանքի խնդիրներից մեկը։ Ռեժիսորը պատմեց, որ երկար տարիներ ականատես է եղել պապիկի ու տատիկի անվերջ կռիվներին՝ բացահայտվե՞լ որպես հայ, թե՞ ոչ։
«Տատիկիս մեղադրել չի կարելի, որովհետև ճնշումները շատ են հայերի վրա, և նա ուզում էր հանգիստ ապրել, ինչպես նախկինում, բայց պապիկիս քայլով ես հպարտանում եմ»,- ասաց նա և նշեց, որ այսօր Թուրքիայում 3-4 մլն ծպտյալ հայեր են ապրում, իսկ բացահայտ հայերի թիվը չի անցնում ողջ Թուրքիայում մի քանի հարյուրը, չնայած նրանց թիվը գնալով ավելանում է։