ԱՄՆ-ում դասավանդող անվանի հայ գիտնականը հայրենիքում եւս ներկայացնում է իր փորձը

Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում այսօր Հայասատանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար դասախոսություն է կարդացել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի դոցենտ, տեղեկատվական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող Արամ Գալստյանը: Այս մասին ասվում է Yerkirmedia-ի տեսանյութում:

Յուտայի համալսարանում ասպիրանտի կոչում ստանալուց հետո երիտասարդ հայ գիտնականի համար իրենց դռները բացեցին շատ հեղինակավոր բուհեր: Արդեն 15 տարի Արամ Գալստյանը դասավանդում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանում:

Նա հայրենիքում է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շնորհիվ: Այն իրականացվում է Հայասատանի Հանրապետության նախագահի հովանավորությամբ:

Արդեն երկրորդ անգամ է Արամ Գալստյանը դրսում կուտակած գիտելիքը կիսում հայրենիքում սովորող եւ գիտության աշխարհում նոր քայլեր անող երիտասարդ գիտնականների հետ: Այս անգամ դասախոսում է «Մեծածավալ տվյալների դարաշրջանում՝ գիտական հայտնագործություններ» թեմայով:

Դրսում աշխատող հայ գիտնականների դասախոսությունների շարք կազմակերպելով՝ նախաձեռնության հեղինակները ոչ միայն նպատակ ունեն պայմաններ ստեղծել փորձի փոխանակման համար, այլեւ համագործակցել: Պայմանը մեկն է ՝ մեկնում են սովորելու՝ հետ վերադառնալու համար:

Scroll Up