ԵՊՀ-ում նշեցին ազատամարտիկ Նորայր Մարությանի 50-ամյակը

Փետրվարի 26-ին ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նշեցին ազատամարտիկ Նորայր Մարությանի 50-ամյակը: Նորայրը եղել է բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժնի շրջանավարտ, ուստի ապագա լրագրողների համար մեծ պատիվ է, որ նա եղել է ֆակուլտետի մի մասնիկը:
«Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի սաների կազմակերպած միջոցառումը անցավ ջերմ և հաճելի մթնոլորտում: Ուսանողները երգեցին, պարեցին և ասմունքեցին Մարությանի գրած բանաստեղծություններից:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան` Նաղաշ Մարտիրոսյանն իր ուրախությունը հայտնեց, որ կազմակերպվել է նման միջոցառում և նշեց, որ Մարությանը ֆակուլտետում կլինի այնքան ինչքան կա համալսարանը: Ժուռնալիստների միության կողմից Ն. Մարությանի մորը հանձնվեց մասնագիտությանը հավատարիմ շքանշան և պատվոգիր:
«Վան» ազգագրական երգի և պարի համույթի ղեկավար Անդրանիկ Հովհաննիսյանը իր գեղեցիկ և հայրենասիրական կատարումներով խանդավառեց հավաքվածներին: Ներկաների թվում էին Արկադի Տեր-Թադևոսյանը, Արշակ Պետրոսյանը, Գրիգոր Ջանիկյանը և այլք:
Նորայր Մարության լրագրող-ազատամարտիկ Ղարաբաղյան պատերազմի մասնակից: Եղել է «Ազատամարտ» թերթի լրագող և գործուղվել է Արցախ կատարել լրագրողի պարտականությունները և տարբեր ջոկատներում մասնակցել ռազմական գործողությունների: Զոհվել է 1993 թվականի հունվարի 19-ին Առաջաձորի պաշտպանության ժամանակ Ջլոտ տեղամասում:
2006 թվականից ԵՊՀ-ի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի լսարանից մեկը անվանակոչվել է Նորայր Մարությանի անունով:
Արփի Սեթրակ