Հունգարիայի հայ համայնքի մանկական ակումբը 4 տարեկան է
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Մանկական-ակումբ.jpg)
Հունգարիայի հայ ազգային ինքնավարության հովանավորությամբ և նյութական օժանդակությամբ Մանկական ակումբը արդեն 4 տարի գործում է` երբեմն պարբերաբար, երբեմն հաճախակի: Մանկական ակումբը 2015-ի սեպտեմբերից սկսած, ամսական 2 անգամ հանդիպումներով համախմբում է հայ փոքրիկներին՝ նպատակ ունենալով համայնքի տարբեր տարիքի փոքրիկներին մի հարկի տակ հավաքել և նրանց հայաշունչ մթնոլորտին, հայերենին հաղորդակից դարձնել: Այս մասին հայտնում է Armenians.hu կայքը:
Հանդիպումների ընթացքում հայկական երգերով, պարերով, ոտանավորներով ուղեկցվող ձեռքի աշխատանքների կազմկերպման և այլ ծրագրերի միջոցով ծնողնորը փորձում են հրապուրել փոքրիկներին Մայրենիով հեքիաթներ լսելու, նաև կազմակերպվում են խաղային ծրագրեր՝ նպատակ ունենալով ամրապնդել Մայրենիի գիտելիքները:
Ուրախալին այն է, որ տարեցտարի ակումբի երեխաների թիվն աճում է: Արդեն ակումբի մեծ ընտանիքն ունի 25 երեխա. բոլորը մեծ ուրախությամբ և ոգևորությամբ հաճախում են ակումբ՝ միմյանց հանդիպելու, խաղալու և հայերեն խոսելու, սովորելու նոր գիտելիքներ, պատրաստելու նոր ձեռագործ աշխատանքներ:
Ինչպես գիտենք, ակումբը ստեղծվել է համայնքի ծնողների մտահղացմամբ ու նախաձեռնությամբ, իսկ նպատակը հայ մանուկների հետ հիշատակել և նշել բոլոր հայկական ազգային, պետական և եկեղեցական տոները, նրանց համար ավելի հասանելի դարձնել դրանց պատմական և ազգային իմաստը պատմությունների և համապատասխան ձեռագործ աշխատանքներ ներկայացնելու միջոցով:
Ակումբի երեխաները, իհարկե, մեծանում են, այդ իսկ պատճառով ակումբը անհրաժշտ է համարում նաև սովորեցնել հայերեն գրել և կարդալ, միայն ու միայն 8 տարեկանը լրացած երեխաներին:
Ծնողները նույնպես մեծ ուրախությամբ միանում են իրենց փոքրիկներին, հատկապես փոքրիկների հայրերը հավաքվում զրուցում և միմյանց հետ կիսվում են առօրյա մտահոգություններով:
Այս տարի Մանկական ակումբի երեխաները Նոր տարվա և Սուրբ Ծնունդի տոնական օրերին բեմադրել էին Հովհաննես Թումանյանի «ԾԻՏԸ» հեքիաթը: Անդրադառնալով հայ մշակույթի հարուստ գանձերին՝ հեքիաթը ներկայացվեց հայկական դուդուկի, լավաշի միջոցով, հայկական հարսանյաց խնջույքի տեսարանները զարդարեցին ավանդական Քոչարին և աշուղական մթնոլորտը:
Մանկական ակումբի Ձմեռ պապիկը այս տարի առատաձեռն էր: Ակումբի դռան առաջ թողել էր 2 մեծ տոպրակներով լի նվերներ, ինչպես նաև նամակ երեխաներից յուրաքանչյուրի համար: Բոլոր երեխաները մեծ ուրախությամբ և խոստումներով համաձայնվեցին, որ հաջորդ տարի շատ ավելի լավ հայերեն կխոսեն:
Նոր՝ 2016 թվականում, նույնպես մի շարք հանդիպումներ են եղել, և շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում: Երեխաները մեծ սիրով, ուրախ, վառ ժպիտներով շփվում են իրար և հայկական մշակույթի հետ: Առավել ուրախ և հիշարժան միջոցառումներից կարելի է նշել Սուրբ Ծննդի երեկոն, որը տեղի ունեցավ Յանս Փաբում, որտեղ հրաշալի, անմոռանալի միջավայր էր ստեղծվել նրանց համար: Փոքրիկները հայկական երգերով, պարերով, խաղերով անցկացրեցին հրաշալի օր, որը իրենց իսկ խոսքերով կհիշեն միշտ: Համտեսեցին ավանդական չամիչով և բրնձով փլավը: