Իրանի Մեջլիսի ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով ընտրվել է 2 հայ պատգամավոր
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Iran4.jpg)
Իրանի Իսլամական Հանրապետությունում Մեջլիսի ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով ընտրվել է երկու հայ պատգամավոր՝ Կարեն Խանլարյանը եւ Ժորժ Աբրահամյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորի թեկնածուներից Կարեն Խանլարյանը տեղեկացրեց, որ հայ համայնքն ընտրությունների է մասնակցել Հյուսիսային և Հարավային ընտրատարածքներում: «Հարավի պատգամավորության համար թեկնածու են եղել 3-ը, ինքնաբացարկ են հայտնել 2-ը, և արդյունքում ընտրվել է Ժորժ Աբրահամյանը:
Մասնակցողների ընդհանուր թիվը նախնական տվյալներով մոտավորապես 2300 է եղել: Հյուսիսայինում պատգամավորության համար սկզբում 6 թեկնածու է եղել, 3-ը ինքնաբացարկ են տվել:
Մրցակցությունը երեքի մեջ է տեղի ունեցել: Քվեարկողների ընդհանուր թիվը Հյուսիսային ընտրատարածքում եղել է շուրջ 12 հազար մարդ, որի արդյունքում ընտրվել եմ ես` ձայների 73 տոկոսի հարաբերակցությամբ»,նշեց նա: Կարեն Խանլարյանի խոսքով` ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 9 հայ թեկնածու, և 6ը ինքնաբացարկ են հայտարարել: «Արդյունքները պաշտոնապես կհայտարարվեն փետրվարի 27-ին կամ 28-ին»,հավելեց նա: Euronews.com-ը տեղեկացնում է, որ Իրանում ընտրություններին հսկայական թվով ընտրողներ են մասնակցել:
Ընտրությունները պետք է տևեին 10 ժամ, սակայն Ներքին գործերի նախարարությունը մի քանի անգամ երկարաձգել է քվեարկության ժամը: Ընտրատեղամասերում հսկայական հերթեր են եղել: Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներն ընտրել են Մեջլիսի 290 պատգամավոր` 4 տարի ժամկետով: