Բուրսայի եկեղեցին մնաց քրիստոնյաներին

Ինչպես հաղորդում է «Ռադիքալ» թերթը, այն բանից հետո, երբ թերթն անդրադարձել է այս դեպքին, Վաքֆերի վարչությունը հրաժարվել է իր որոշումից և հայտարարել, որ Բուրսայի եկեղեցին, որը լատին կաթոլիկները, գերմանացի կաթոլիկները, ուղղափառներն ու բողոքականները համատեղ օգտագործել են որպես Աստծո տաճար, մնալու է քրիստոնյաներին:
Համաձայն «Ռադիքալի»՝ Վաքֆների վարչության իրավասուները զանգահարել են Պրուրսայի բողոքական եկեղեցու քահանա Իսմայիլ Քուլաքչըօղլուին և հայտնել, որ նախկինի պես եկեղեցին շարունակվելու է օգտագործվել կրոնական նպատակներով: Լուրը ուրախությամբ ընդունելով՝ քրիստոնյաները պահանջել են նոր արձանագրություն կազմելու համար հանդիպել Բուրսայի քաղաքապետ Ռեջեփ Ալթեփեի և Օսմանգազիի քաղաքապետ Մուստաֆա Դյունդարի հետ:
Հիշեցնենք, որ 2002-2004 թ. Բուրսայի քաղաքապետարանի հետ ստորագրված արձանագրության համաձայն՝ Բուրսայի 4000 քրիստոնյաներից բաղկացած համայնքը եկեղեցին օգտագործում էր որպես Աստծո տաճար: Ինչպես տեղեկացրել է բողոքական եկեղեցու քահանա Իսմայիլ Քուլաքչըօղլուն, 2015 թ. այդ արձանագրությունը կորցրել էր իր ուժը: Երբ դիմել էին քաղաքապետարանին, պատասխանել էին, թե արձանագրությունը վերահստատելու համար ընկերություն ստեղծեն և այդ կարգավիճակով դիմեն: Սակայն նման կարգավիճակով դիմելուց հետո ստացել են «եկեղեցին ազատեք» հրահանգը:
Ըստ Քուլաքչըօղլուի՝ զանգահարել և դիմել էին Վաքֆների վարչությանը, սակայն վարչությունը ժամանակ էր տվել մինչև անցած ուրբաթ օրը և հրահանգել. «Նախկինում գրավոր կամ բանավոր համաձայնագիր չի եղել, մի քանի օրվա ընթացքում դատարկեք, և մեզ հանձնեք»:
Akunq.net