Գյուղատնտեսության ոլորտում հայ-վրացական համագործակցությունն ակտիվացել է

Վերջին հինգ տարիների ընթացքում գյուղատնտեսության բնագավառում հայ-վրացական համագործակցությունն ավելի է ակտիվացել: Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս  Հայաստանում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը:

ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սերգո Կարապետյանը նշել է, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունները հատկապես ագրարային ոլորտում դինամիկ զարգացում են ունեցել:

«Վրաստանը մեր ամենամտերիմ գործընկերներից է, և ես վստահ եմ, որ այս բարեկամական հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել»,-նշել է նախարարը:

Հաշվի առնելով երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում համանման գերակայությունների առկայությունը, այդ թվում` կոոպերատիվների ստեղծումն և նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը` նախարար Սերգո Կարապետյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ուժերով և երկկողմ փորձի փոխանակման միջոցով հնարավոր կլինի առավել արդյունավետ լուծում գտնել:

Դեսպան Շարմանաշվիլին իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ գյուղատնտեսության նախարարին և նախարարության աշխատակազմին իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության համար:

Scroll Up