Էրդողանին վիրավորելու համար ազատազրկվել է ընդդիմադիր կուսակցության երիտթևի առաջնորդը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի է ունեցել դատավարություն: Արդյունքում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) երիտասարդական թևի Բորնովայի շրջանային կառույցի ղեկավար Օմեր Յեները դատարարտվել է 11 ամիս 20 օրվա ազատազրկման, իսկ Քոնաքի շրջանային կառույցի նախկին ղեկավար Ալի Աքթաշը ապացույցների բացակայության հիմքով արդարացվել է: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Վերջիններիս ներկայացված մեղադրանքում նշվել է, որ Յեները և Աքթաշը 2014 թվականի հոկտեմբերի 30-ին մոտ ցուցարարների հետ մասնակցել են 2013-ին Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո արդարադատության աշխատակիցների դեմ սկսված դատական գործընթացների դեմ բողոքի ակցիային: Նրանք այդ ակցիայի ժամանակ հանդես են եկել հետևյալ վանկարկումներով`  «գազը կուլ տվեցինք, մահակը կուլ տվեցինք, հարամը կուլ չտվեցինք», «ամենուր կաշառք է, ամենուր` ապօրինություն», «կա գող, կա մարդասպան, կա Թայիփ»:

Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի` մեղադրող կողմը պահանջել է 1-ից 4-ական տարվա ազատազրկում: Իզմիրի 21-րդ քրեական դատարանը Աքթաշին արդարացրել է, իսկ Յեներին նախ դատապարտել է 1.2 տարվա ազատազրկման, ապա վերանայել որոշումը` պատժաչափը նվազեցնելով 11 ամիս 20 օրվա:

Յեների և Աքթաշի փաստաբան Բարան Գյունեշը հայտարարել է, որ իր պաշտպանյալի նկատմամբ սխալ որոշում է կայացվել, և իրենք բողոքարկելու են դատարանի որոշումը  վճռաբեկ դատարանում: Նա ավելացրել է նաև, որ վճիռը անփոփոխ մնալու դեպքում իրենք կդիմեն Թուրքիայի սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Scroll Up