«Մեզ ճանաչում են նրանք, ովքեր մեր կարիքն ունեն»« ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի

armarlur.com-ի զրուցակիցն է Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային վարչության ատենապետուհի Նարինե Գալստյանը

-ՀՕՄ-ը 106 տարվա պատմություն ունի, բայց կառույցի գործունեությունը կարծես թե առանձնապես լուսաբանված չէ: Խնդրում եմ ներկայացնել՝ որտե՞ղ է այն հիմնվել, ի՞նչ նպատակով և ինչ գործունեություն է ծավալում:

-ՀՕՄ-ը գործում է 1910 թվականից, հիմնադիրը եղել է Էդգար Ակնունին` Էդուարդ Մալումեանը: Այսօր կառույցը գործում է աշխարհի մոտ 27 երկրում, այդ թվում ` Արցախում և Ջավախքում: Իսկ Հայաստանում հիմնադրվել է 1991 թվականին ՝ Արցախյան պատերազմի տարիներին: Կառույցը բարեգործական է՝ ինչպես գիտեք, բարեսիրական: Այստեղ են հավաքվել կանայք, որոնք հասարակական կյանքում բարի գործ անելու, կարիքավորներին աջակցելու նպատակով են միավորվել: Մենք բոլորս կամավորներ ենք, որ առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով՝ հնարավորինս այնպես անել, որ սեփական երեխաներից բացի նաև ուրիշ երեխաներ լավ ապրեն, խիստ կարիքի մեջ չլինեն, օգտվեն այն հնարավորություններից, որը կարողանում ենք մեր երեխաների համար ստեղծել: Այս մտածելակերպը թույլ է տալիս բոլորի մեջ արթնացնել դիմացինին կարեկցելու և օգնելու ձգտումը, ինչն աշխարհն ավելի լավն է դարձնում:
Ի դեպ, մեր նմանները քիչ չեն, նրանք համախմբվել են Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև Երևանի բոլոր վարչական շրջաններում գործող մեր մասնաճյուղերում՝ հնարավորություն ստեղծելով, որ Հայաստանի ցանկացած վայրում մարդիկ կարողանան դիմել մեզ՝ անհրաժեշտության դեպքում: Մարդիկ լավ գիտեն ՀՕՄ-ի տեղը թե Երևանում, թե մարզերում, պարզապես չենք ուզում ինքնագովեստով և ցուցադրությամբ զբաղվել, թերևս դա է պատճառը, որ մեր մասին այնքան էլ շատ չի բարձրաձայնվում:
1991 թվականից կառույցն իրականացնում է ազատամարտիկներին և երկկողմանի ծնողազուրկ ընտանիքներին սատարելու ծրագիրը, որին մասնակցում է 7874 երեխա՝ 1700-ը երկկողմանի ծնողազուրկ: Այդ երեխաները գտնվում են իրենց հարազատների մոտ, մնացածը զոհված ազատամարտիկի երեխաներ են, որոնց տարեկան մեկ անգամ մենք ֆինանսապես օգնում ենք:
Ունենք <<Լավագույն ուսանող>> ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի 55 բուհերի բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին տարեկան մեկ անգամ տրամադրում ենք որոշակի գումար:
Վերջերս կյանքի ենք կոչել նաև սահմանամերձ գյուղերի աջակցման <<Ամուր սահման, hզոր հայրենիք>> ծրագրերը: Անցած տարվա հոկտեմբերին, երբ սկսվեց սիրիահայերի ներգաղթը, ՀՕՄ-ն առաջին կառույցն էր, որ օգնություն տրամադրեց նրանց: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սիրիայի օգնության խաչի, այսինքն Սիրիայի՝ ՀՕՄ-ի ընկերուհիներին, որոնք գտնվելով Հայաստանում, ձեռքները ծալած չնստեցին: Նրանք հիմա անդամակցում են կառույցի հայաստանյան մասնաճյուղերին՝ նոր շունչ ու մշակույթ բերելով այնտեղ: Նրանց հետ համատեղ սկսեցինք օգնություն տրամադրել սիրիահայերին, և արդյունքում ստեղծվեց <<ՙՕգնիր եղբորդ>> նախաձեռնությունը, որի շրջանակներում Հայաստանում ապրող սիրիահայերին, ինչպես նաև Քաշաթաղում ապրող 25 ընտանիքների սննդամթերք բաժանեցինք, նաև հագուստ , սպորտային կոշիկներ, մեր ձեռքով կարած ծածկոցներ:

-Ի՞նչ ուղղվածություն ունի <<Ամուր սահման, hզոր հայրենիք>> ծրագիրը:

-Ծրագրի հիմքում մեր սահմանամերձ գյուղերի համար տարբեր միջոցառումներ իրականացնելն է, որպեսզի այդ գյուղերում ապրելու համար ավելի լավ պայմաններ ստեղծվեն: Ծրագրով մենք աջակցում ենք Տավուշի և Վայոց ձորի մարզերին: Արդեն Բաղանիս գյուղում ոռոգման հարցն ենք լուծել, սեպտեմբերի մեկին առաջին դասարանցիներին տրամադրել ենք գրենական պիտույքներ, Խաչիկ գյուղի նախակրթարանի միջանցքն ու բուժկետն ենք վերանորոգել, ինչպես նաև գյուղի եկեղեցու գմբեթի ու պատուհանների վերանորոգման համար ենք ներդրումներ արել: Խաչիկ, Խնձորուտ, Բարձրունի գյուղերում նույնպես գրենական պիտույքներ, հագուստ ենք տրամադրել:

-Ի՞նչ սկզբունքայնությամբ է որոշվում ձեր ծրագրերի ուղղվածությունը:

-Մեր հանձնախումբը շրջայց է կատարում մարզերում և գյուղերում, հանդիպում է գյուղապետերին, ծանոթանում առկա խնդիրներին: Հետո վարչությունը որոշում է կայացնում, թե այդ խնդիրներից որոնց լուծմանը կարող է աջակցել և ըստ այդմ էլ իրականացվում են մեր նախաձեռնությունները:

-Բարեգործության համար որոշակի սահմանափակումներ կա՞ն, թե ցանկացած ոլորտում էլ պատրաստ եք ձեռք մեկնել, աջակցել: Օրինակ, մշակութային բարեգործական ծրագրեր իրականացնո՞մ եք:

-Մեր մասնաճյուղերը լավ տեղյակ են տվյալ համայնքում բոլոր խնդիրներին և որևէ սահմանափակում չկա, թե մեր օգնությունը ի՞նչ նպատակի կծառայի՝ մշակութային, թե սոցիալական: Կարևորը դա ահրաժեշտ լինի տվյալ համայնքին, դրա բնակիչներին և որևէ կերպ թեթևացնի նրանց կյանքը: Ամիսներ առաջ մենք աջակցեցինք մի ներկայամանը, որի ամբողջ հասույթը Բարեկամավան գյուղին է տրամադրվելու՝ այնտեղի դպրոցը ցանկապատի կառուցման համար:

-Ասացիք, որ ձեր կառույցում կանայք են: ինչո՞ւ: Տղամարդիկ տեղ չունե՞ն այստեղ:

-Կինն է, որ կարողանում է համախմբել, բոլորի մասին հոգ տանել, ամուսնուն թիկունք լինել, զինվորին աջակցել, ամեն տեղ կինն է` իր բարությամբ, կամեցողությամբ, գեղեցկությամբ, նրբությամբ: Բայց մեր կառույցում կան նաև տղամարդիկ, որոնք կանգնած են մեր կողքին և միշտ մեզ աջակցում են, ինչի համար շնորհակալ ենք նրանց:

Scroll Up