Ովքեր են հայ օսկարակիրները

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ի 88-րդ մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 28-ին: Այս իրադարձությանն ընդառաջ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայազգի անվանի չորս օսկարակիրների, ովքեր 1987-2000 թվականներին արժանացել են ակադեմիայի գլխավոր մրցանակին:

Շերիլին Սարգսյան

Շերիլին Սարգսյան ԼաՊիեր Բոնո Ալմենը ծնվել է 1946թ. մայիսի 20-ին Քալիֆորնիայի Էլ-Սենթրո քաղաքում: Հայ-ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր, ծագումով հայ: Հաճախ կոչվում է՝ «Փոփի Աստուածուհի»: 1988 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի «Լուսնով կախարդվածները» ֆիլմում լավագույն դերակատարման համար: Շերլին Սարգսյանը 5 ամերիկյան երգչուհիներից է, ով ստացել է «Օսկար»:

Նա ամերիկյան հիթ շքերթի պատմության մեջ սահմանել է նոր չափանիշ՝ դառնալով առաջին երգչուհին, ում երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը:
Շերը Հայաստան էր ժամանել 1993 թվականի ապրիլի 28-ին: Նա իր հետ բերեց 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքեր և սնունդ: Այցելեց մանկատներ, մանկական հիվանդանոցներ:

Լևոն Չալուկյան

 

Լևոն Չալուկյանը ծնվել է 1927 թվականին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում: 1958 թվականին ավարտել է Կալիֆորնիայի համալսարանը, իսկ 1959 թվականից սկսել է աշխատել կինոյում: Չալուկյանը հնչյունավորել է մոտ 250 դոկումենտալ և գեղարվեստական ֆիլմեր: Հնչյունավորման յուրահատուկ տեխնիկայի շնորհիվ Չալուկյանը դարձավ հանրահայտ և 1987 թվականին «Պլատոն» ֆիլմի հնչյունավորման համար ստացավ ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակը: 1975 թվականին Լևոն Չալուկյանը ընտրվում է ԱՄՆ կինոակադեմիայի անդամ, իսկ 1977 -ին կինոակադեմիայի նախագահության անդամ: Բացի այդ, Չալուկյանը եղել է ամերիկյան կինոյի հայերի ասոցիացիայի հիմնադիրներից մեկը:

Թոմաս Օհանյան

Թոմաս Օհանյանը կինոարտադրության մեջ իր ներդրած ավանդի համար արժանացել է «Օսկար» մրցանակի 2000 թվականին: Նա AVID մոնտաժային ծրագրի ստեղծողներից մեկն էր:

Սթիվեն Զաիլյան

1993 թվականին հայազգի սցենարիստ և ռեժիսոր Սթիվեն Զաիլյանը ստացավ «Օսկար» մրցանակ, որպես լավագույն սցենարիստ «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարը գրելու համար: Այս ֆիլմը հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի մասին է: Զաիլյանը նաև մեզ շատ հայտնի այլ ֆիլմերի սցենարիստ է «Mission Impossible»’ 1996 թվական, «Gangs of New York» 2002թ., «American Gangster» 2007թ., «The girl with the Dragon Tattoo» 2011 թ. և այլն…

Scroll Up