«Պետք չէ ականջ դնել խոսակցություններին, թե Հայաստանում ձախողելն ավելի հավանական է, քան հաջողելը». սփյուռքահայ գործարար

«Ագոպյան Ջյուելերս» ոսկերչական ընկերությունը Հայաստանում հիմնել է Թաիլանդում` Բանգկոկում ապրող հայ գործարար Հովիկ Հակոբյանը, որ այնտեղ ոսկերչական երկու մեծ գործարան ունի: Քանի որ նրա ազգային և հայրենասիրական ոգին բարձր է, ինչպես նշում են Հակոբյանի գործընկերները, նա ուզեց անպայման Հայաստանում էլ գործարան հիմնադրել ու հայկական ոճով պատրաստված զարդեղենով էլ մտնել միջազգային շուկա:

Եվ այսպես, 2000 թ. Հայաստանում հիմնադրվեց «Ագոպյան Ջյուելերս»-ի գործարանը` Հակոբյանի երեք ընկերների ակտիվ մասնակցությամբ: Նրանք էլ մինչ օրս հանդիսանում են գործարանի պատասխանատուները (ընկերները չեն սիրում գործածել ղեկավար կամ տնօրեն բառերը, իրենց համարում են ընկերության պատասխանատու): Երեք պատասխանատուներն էլ` Ապրահամ Կեշիշյանը, Սիմոն Կաֆալյանն ու Վիգեն Նազարյանը Սփյուռքից են, բայց արդեն 15 տարի է ապրում ու աշխատում են Հայաստանում` զարգացնելով ոսկերչության ոլորտում աշխարհում բավականին հայտնի «Ագոպյան Ջյուելերս» ընկերությունն ու նրա բրենդները, որոնցից է իտալական անունով «Միօորի» ապրանքանիշը, որի զարդերը վաճառվում են Եվրոպայում ու Ռուսաստանում:

Ընկերության հիմնադիր Հովիկ Հակոբյանը, ինչպես նշում են գործընկերները, ռիսկի դիմող գործարար է: Իսկ Հայաստանում բիզնես հիմնելով՝ մեկ նպատակ է ունեցել` բարձր կարգի արհեստավորներ պատրաստել ու բարձրակարգ արտադրանք թողարկել, որ հայի եկամուտը մեծանա, բիզնեսը բարգավաճի, քանի որ որքան եկամուտներն ավելանում են, այնքան զինվոր ես շահում, այդքան աշխատողներ չեն արտագաղթում. ով արհեստ ունի, եկամուտ ունի, երկրից չի գնում: Միգուցե անձամբ ինքը չէ, բայց իր զավակն է վաղվա զինվորը` սահման պահողը: Այս մոտեցմամբ էլ արդեն 15 տարի աշխատում են ու իրենց ոլորտում բավականաչափ հաջողակ բիզնես են առաջ մղում:

Ինչպես «Անկախի» հետ զրույցում ներկայացրեց ընկերության պատասխանատուներից Սիմոն Կաֆալյանը, սկզբում դժվարն անհրաժեշտ գործիքներ գտնելու հարցերն են եղել: «Զրոյից ենք սկսել այստեղ, անհրաժեշտ գործիքները Հայաստանում չկային: Հետո գործիք վաճառողները սկսեցին ներկրումները, ու արդեն ինչ ուզում էինք, գտնում էինք: Սկզբնական ներդրումների հարցը լուծված էր, Հովիկ Հակոբյանն անհրաժեշտ բոլոր հարցերը լուծում էր, բացի այդ, ընկերությունը ներմուծում ու արտահանում էր: Այսինքն` եթե գործատերը ինչ-որ քանակության ոսկու պատվեր ուներ՝ այդքան ուղարկում էր Հայաստան, այստեղ պատրաստում էինք պահանջվող զարդերն ու արտահանում: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է, արտահանման երկրները շատ են, ամբողջ աշխարհն է: Բայց գործարանի արտադրանքը հիմնականում ուղարկվում է Բանգկոկ, այնտեղից արդեն գործարանատերը վաճառում է պատվիրատուներին»:

Այսօր ընկերությունն իր առջև դրված գլխավոր նպատակ է համարում եղածը պահելը, աշխատակիցների կյանքն ու աշխատանքային պայմանները բարելավելն ու զարգանալը, ոչ թե լճանալն ու եղածով սահմանափակվելը: Գործը սկսել են 2-3 հոգով, այնուհետև աշակերտներ պատրաստելով՝ սկսել են աշխատել 20 հոգով, հասել մինչև 120 աշխատողի: Դա 2012 թվականին էր: Իսկ դրանից հետո, միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, պատվերները քչացել են, համարյա կիսվել: Քանի որ ընկերության հիմնական շուկան արաբական աշխարհն է եղել ու Ռուսաստանը, որտեղ մեծ կտորներով զարդեր են գնել: Իսկ եվրոպացիները, ինչպես նշում է Կաֆալյանը, ավելի ցածր հարգի զարդեր են նախընտրում:

Նա ընդգծում է, որ ճգնաժամն առաջին հերթին հարվածում է զարդեղենի բիզնեսին ու շուկային: Երբ մարդիկ սկսում են խնայել, առաջին հերթին կրճատում են զարդերի, թանկարժեք իրերի գնումները, սկսում են հիմնական ծախսերն ուղղել առաջին անհրաժեշտության մթերքների ու ապրանքների ձեռբերմանը: Հետո, երբ վիճակը կարգավորվում է, կամաց-կամաց այլ ապրանքներ են գնում ու վերջում միայն, երբ արդեն բավականաչափ կայունանում է սոցիալական վիճակը, սկսում են զարդեր ձեռք բերել:

Այս տարի պատվերները սկսել են աճել: Հույս ունեն, որ առաջիկա տարիներին ավելի լավ դիրքերում կհայտնվեն: Իսկ մինչ այդ, նշում է Կաֆալյանը, համբերություն է պետք նաև՝ աշխատասիրություն, բարձր վարպետություն, որպեսզի իրենց արտադրանքի որակը չընկնի: «Շատ կարևոր է, որ աշխատողները մշտապես կատարելագործվեն, լինեն կարգապահ ու ճշտապահ, ձեռքները «մաքուր» լինի, չգողանան, ճիշտ ժամանակին գան աշխատանքի ու ճիշտ ժամանակին հեռանան: Որովհետև այս բիզնեսում հաջողելու ամենակարևոր պայմաններից մեկը մաքուր, բարձր որակով զարդեր արտադրելն ու ճիշտ ժամանակին պատվերը պատվիրատուին հասցնելն է»,- շեշտում է Սիմոն Կաֆալյանը:

Պատասխանատուները, իհարկե, իրենց գաղափարն ու ձեռնարկը հաջողված են համարում: Իրենց գործում հաջողության հասնելու համար էլ, նշում են, գաղտնիք չկա, պետք է վստահություն ձեռք բերել. պետք է վստահես քո պետությանը, պետությունդ` քեզ, հարկային, կամ մաքսային ճշտապահություն է պետք, աշխատողիդ պետք է վստահես, իսկ աշխատողդ էլ` քեզ: «Եթե դա հաջողես՝ ամեն ինչում կհաջողես: Եվ մեր դռները մշտապես բաց են եղել, մենք ոչ մի դեպքում ոչ մի նեղություն չենք կրել ո՛չ հարկայինի կողմից, ո՛չ մաքսայինի: Իհարկե, եկել են մեզ մոտ ստուգումների, բայց մենք գաղտնիքներ չենք ունեցել, ու դա գնահատել են»,- նշում է Կաֆալյանն ու հավելում` հաջողության հասնելու համար, բացի դրանից, պետք է նաև համբերատարությամբ աշխատողներիդ սովորեցնես, ներդրում անես նրանց մասնագիտական որակների բարձրացման համար, այդ ուղղությամբ ներդրումները չափսոսես: Քանի որ բարձրակարգ աշխատողներն են, որ ընկերությանը անուն, վստահելիություն, հեղինակություն են բերում: «Առանց զինվորի, զորքի, գեներալն ո՞ւմ է պետք. ոչ քի: Նույնն էլ այստեղ է, առանց աշխատողների մենք ո՞ւմ ենք պետք: Չենք կարող առանց լավ ու բարձրակարգ աշխատողների հաջողություններ ունենալ ու ծավալներ ապահովել»,- ասում է նա:

Իսկ ծավալներն «Ագոպյան Ջյուելերսի» դեպքում էական չեն, որովհետև ընկերությունն ամենաբարձր կարգի զարդեղեն է արտադրում, նրանց արտադրած 2-3 հատ զարդը կարող է ավելի թանկ լինել, ավելի աշխատատար ու որակով ու ավելի մեծ շահույթ բերել, քան այլոց արտադրած 4-5 կիլոգրամը:

Ձեռքբերումներն ընկերությունում այլ չափումներով են գնահատում, որպես ամենալուրջ ձեռքբերում էլ պատասխանատուները նշում են` արդեն 15 տարի է այդքան աշխատողներ ապրում են, աշխատում ու վաստակում Հայաստանում, ապահովում իրենց ու իրենց ընտանիքների հանապազօրյա հացը: Իսկ բոլոր նրանց, ովքեր մտմտում են իրենց գործը` բիզնեսը սկսելու մասին, Սիմոն Կաֆալյանը խորհուրդ է տալիս անվախ լինել, ականջ չդնել տարբեր խոսակցությունների, թե Հայաստանում ձախողելն ավելի հավանական է, քան հաջողելը: Այս առումով էլ նշում է` ինչի՞ց պիտի վախենա բիզնեսմենը` հարկեր մուծելո՞ւց, բայց չէ՞ որ այդ հարկերով երկիրը բանակ է պահում, իսկ բանակը` անվտանգ ու խաղաղ պայմաններ է ապահովում, որ իրենք կարողանան հանգիստ աշխատել ու հաջողել:

Գ. Ավչյան

Ankakh.com

Scroll Up