Մայրենիի օրը՝ Նալչիկում

Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության Նալչիկ քաղաքում փետրվարի 21-ին նշվեց Մայրենիի օրը: Տեղի ունեցած միջոցառման ժամանակ համայնքի երեխաները Մայրենիին նվիրված բանաստեղծություններ են ասմունքել, երգել, ապա ներկայացրել Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու Հայոց գրերի ստեղծման պատմությունը: Այս մասին Նալչիկից «Հայերն այսօրին» տեղեկացնում է հայ համայնքի ղեկավար Արթուր Պողոսյանը:
«Գիտենք, որ Հայաստանում ամեն տարի մեծ շուքով նշվում է Մայրենիի օրը, և մենք, լինելով Հայաստանի մի մասնիկը, փորձեցինք անմասն չմնալ: Նման միջոցառումները դաստիարակչական նշանակություն ունեն և օգնում են մատաղ սերնդի, հատկապես Սփյուռքում ապրող, գիտակցության մեջ վառ պահել հայ լինելու գաղափարը»,-նշեց Արթուր Պողոսյանը:
Միջոցառման ավարտին Արթուր Պողոսյանը բոլորին շնորհավորել է Մայրենիի օրվա առթիվ: Երեխաներին նվիրել է Այբբենարան և կոչ արել՝ հավատարիմ մնալ սեփական արմատներին, ինքնությանն ու Հայոց լեզվին: