«Եվրատեսիլ 2016». հայկական արմատներով երգչուհի Ջամալան կներկայացնի Ուկրաինան

Ուկրաինացի հայտնի երգչուհի Ջամալան (իսկական անունը Սուսանա Ջամալադինովա) հաղթել է Ուկրաինայում «Եվրատեսիլի» ազգային ընտրական փուլում, ըստ News.am-ի՝ հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:

Երգչուհին (հայրը ղրիմի թաթար, մայրը՝ հայուհի) հանդիսատեսի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորներն է ստացել՝ առաջ անցնելով հինգ ուրիշ մասնակիցներից:

Եզրափակիչ քվեարկությանը մաասնակցել է ավելի քան 300 հազար մարդ. սա ռեկորդային ցուցանիշ է Ուկրաինայում Եվրատեսիլի ազգային ընտրական մրցույթների համար:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը կմեկնարկի մայիսին, Հայաստանի պատվիրակ Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա մայիսի 10-ին՝ առաջին կիսաեզրափակիչ փուլում:

Օրերս հանրությանն ներկայացվեց «Եվրատեսիլ 2016»-ի Իվետայի մրցութային երգի տեսահոլովակի անոնսը:

Ստեղծագործությունը կոչվում է «LoveWave»: Այն ամբողջությամբ հիմնված է երգչուհու ներաշխարհի, խտացված ապրումների ու զգացմունքների վրա: Սիրո ալիքը մեկ վայրկյանում կարող է փոխել թե՛ մարդուն, թե՛ սեփական կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Wave-ը:

Երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան եւ Սթեֆանի Քրաթչֆիլդ: Մարտի 2-ին երգը հանդիսատեսին կներկայացվի համանուն տեսահոլովակով, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ գերմանական BLACKSHEEP Communications-ի համատեղ արտադրանք է:

Տեսահոլովակում Իվետայի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով սոցցանցերում մեծ մասսայականություն է վայելում: Նա համագործակցել է աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ, եղել դրանց գովազդային դեմքը:

Scroll Up