Վարպետ Ժիրայր. Երևանի ամենատարեց գլխարկագործը

Գլխարկը բազմաթիվ մարդկանց սիրելի աքսեսուարն է: Շատ երկրներում գլխարկ կարողների փոքրիկ արհեստանոցներ կան: Sputnik Արմենիա պորտալը որոշել է ներկայացնել Երևանի ամենատարեց գլխարկագործին՝ ուստա Ժիրիկին

88-ամյա Ժիրայր պապի առավոտը տարվա տարբեր եղանակներին տարբեր ժամերի է սկսվում. ամռանը՝ ութին-իննին, ձմռանը՝ կեսօրից ոչ շուտ:

Փոքրիկ սենյակի պատերը սև ու մոխրագույն գլխարկներով են պատված: Սենյակից սոսնձի հոտ է գալիս, և կարի մեքենայի թխկթխկոցը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է հին ժամացույցի զարկերով: Արհեստանոց մտնելուց հետո նախ պետք է բարձր ձայնով կանչել վարպետին: Արդեն տասը տարի է՝ ուստա Ժիրիկը լավ չի լսում, սակայն հիշողությունը նրան չի դավաճանում:

«1942թ.-ին մենք մի քանի տղաներով ձեռնոց էինք կարում և ուղարկում ռազմաճակատ՝ զինվորներին: Ծանր պատերազմական տարիներից հետո, երբ Խորհրդային Միությունը սկսեց վերականգնվել Հայրենական մեծ պատերազմի կրած հարվածներից, ես զբաղվեցի գլխարկներ կարելով»,- պատմում է Ժիրայր պապը:

Հետո լռում է ու քթի տակ ինչ-որ երգ երգում՝ թաշկինակով սրբելով ակնոցի ապակիները:

«Ինձ շատերն են նկարել և իմ մասին շատ են գրել: Մի անգամ թոռս զանգեց Ամերիկայից ու ասաց՝ պա՜պ, քեզ հեռուստացույցով եմ տեսել»:

Ժիրայր պապը կրկին ընկավ մտորումների գիրկը, հնարավոր է՝ հիշում էր անցած տարիները, բայց այդ մասին խոսել չէր ուզում:
Ավելի ուշ շրջակայքում աշխատող գործընկերներից իմացանք, որ վարպետն այստեղ աշխատում է 59 տարի: Նրան բոլորը լավ գիտեն՝ իր գործի վարպետն է: Պարզվեց, որ այն վայրում, որտեղ մնացել է միայն Ժիրայր պապը, նախկինում վարպետների խումբ է աշխատել՝ ոսկերիչներից մինչև կոշկարարներ:

Մեր հեռանալուց առաջ Ժիրայր պապն ասաց. «Որքան կարող եք, աշխատեք: Այն օրը, երբ մարդը դադարում է աշխատել, մահանում է: Դրա համար էլ մինչև հիմա աշխատում եմ»:

Գլխարկները հնում շքեղություն էին համարվում, և գլխարկների միջոցով կարելի էր որոշել, թե մարդը ինչ դասի է պատկանում: Կտորի որակից կարելի էր հասկանալ՝ մարդը հարուստ է, թե աղքատ: Գլխարկը կրելու ձևից կարելի էր պատկերացում կազմել տոհմածառի, դաստիարակության, սովորույթների, վարվելակերպի մասին:

Մարդկության պատմության փոփոխությանը զուգահեռ փոխվել են նաև գլխարկները:

Գլխարկ կրելը նորաձև է դարձել: Երևանում կարելի է հանդիպել ոչ միայն լայնեզր գլխարկներով կանանց, այլ նաև տղամարդկանց, որոնց համար գլխարկը նույնպես նորաձև աքսեսուար է դարձել:

Լաուրա Սարգսյան, sputnik.co.am

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի:

Scroll Up