28 տարի անց. պատմում են Արցախյան շարժման ակտիվիստները
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/38628.jpg)
Ես ացախյան-ազատագրական պայքարի մեջ էի դեռևս 1970-ական թվականներից։
Իր գործունեության մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հակիրճ ասել է արցախյան-ազատագրական շարժման ակտիվիստ, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։
«Ստեղծել էինք ընդհատակյա խումբ, և մեր ուժերի սահմաններում յուրօրինակ պայքար էինք մղում ազատության համար։ Իմ կարծիքով, 1988 թվականին հայ ժողովրդի առջև աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից խնդիր էր դրվել՝ Արցախը Խորհրդային Միության փլատակների տակ թողնել։ Սակայն փետրվարի 13-ին համընդհանուր շարժման մեկնարկով իր նպատակին հասնելու համար հայ ժողովուրդը կարողացավ ամրագրել իր հարատևելու կամքը և վճռականությունը։ Ըստ իս` Արցախյան շարժման կարևոր իրադարձություններից մեկն էլ փետրվարի 23-ն էր, երբ Ասկերանի վրա հարձակված ազերի հրոսակ ամբոխին արցախցիները զենքով դիմակայեցին՝ առաջնորդվելով Խրիմյան Հայրիկի հայտնի խոսքով՝ այն է՝ թշնամու հետ պետք է խոսել երկաթե շերեփով»,- ասել է Ա. Կարապետյանը և ընդգծել, որ իր համար 1988 թվականի ազգային-ազատագրական պայքարով հիմք է դրվել հայ ժողովրդի միասնականությանն ու համեմրաշխությանը և, որ կարևոր է, շարժմանը հաջորդած տարիներին ազգային բանակի ստեղծումը, պատերազմական դժվարին, ծանր զոհողությունների, թանկ կորուստների գնով հաղթանակած երկրին հարիր անկախ պետականության ձեռքբերումը։
«Մեր վերջնական նպատակին հասնելու համար պետականությունը կարևոր երաշխիք է. պահը պետք է ճիշտ օգտագործել։ Մեր նպատակը Աստծո կողմից մեզ տրված պատմական հայրենիքի սահմանների վերականգնումն է»,-ամփոփել է խոսքը արցախյան պայքարի բովով անցած ակտիվիստը։
Ադրբեջանին բռնակցելուց հետո էլ ո´չ Հայաստանում, ո´չ էլ Արցախում ազատագրական շարժումը երբեք էլ չի դադարել։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ ՄԵ հարցերի նախարարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով բաժնի պետ, արցախյան շարժման ակտիվիստ Աշոտ Սարգսյանը։ Ըստ Ա. Սարգսյանի՝ ազատագրական շարժումն սկսվել է դեռևս 1920-ական թվականներին և շարունակվել անգամ մինչև ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջան երբ բազմաթիվ արցախցի մտավորականներ, Արցախը Մայր Հայաստանին միավորված տեսնելու իրենց գաղափարների համար աքսորվել և սպանվել են։
«Արցախյան ազատագրական շարժումը նոր թափ ստացավ 1980-ական թվականներին գորբաչովյան վերակառուցման քաղաքականության հռչակումից հետո։ Այդ տարիներին արցախահայությունը համախմբվեց՝ Խորհրդային Միության ղեկավարությունն իր արդար պահանջը ներկայացնելու համար։ Որպես շարժման մասնակից՝ ես նորօրյա մեկնարկը կհամարեի փետրվարի 13-ը, երբ արցախցիները միահամուռ արտահայտեցին իրենց կամքը մայր Հայաստանին վերամիավորվելու համար։ Այդ շարժման և ազատագրական պայքարի շնորհիվ կարողացանք թոթափել օտարի լուծը։ Բացի այդ, իմ կարծիքով արցախյան շարժման իմաստը կայանում է նրանում, որ հայ ժողովուրդը հավատացել է ու վստահել է իր միասնական ուժին՝ նրանց մեջ տեսնելով իր ազգային իղձերի իրականացումը»,-ասել է արցախյան շարժման ակտիվիստը։
Ա. Սարգսյանի խոսքով՝ արցախցին պետք է շարունակի իր պայքարը մինչև մայր Հայաստանի հետ վերամիավորվելը. չէ ՞ որ դրա համար էր սկսվել է արցախյան շարժումը։