«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան երգի պրեմիերան` մարտի 2-Ին
Հանրությանն այսօր ներկայացվեց «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի մրցութային երգի տեսահոլովակի թիզերը: Երգը կոչվում է “LoveWave”. այն ամբողջությամբ հիմնված է երգչուհու ներաշխարհի, խտացված ապրումների ու զգացմունքների վրա: Սիրո ալիքը մեկ վայրկյանում կարող է փոխել թե՛ մարդուն, թե՛ սեփական կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Wave-ը: Այս մասին ասվում է «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պաշտոնական կայքում:
Երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան եւ Սթեֆանի Քրաթչֆիլդ: Մարտի 2-ին երգը հանդիսատեսին կներկայացվի համանուն տեսահոլովակով, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ գերմանական “BLACKSHEEP Communications”-ի.համատեղ արտադրանք է:
Տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով սոց. ցանցերում մեծ մասսայականություն է վայելում: Նա համագործակցել է աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ, եղել դրանց գովազդային դեմքը: