ՀՅԴ-ի հետ կոալիցիայի հուշագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ
ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների միջեւ կոալիցիայի հուշագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 18-ին ՀՀԿ ԳՄ նիսից հետո, ըստ News.am-ի, ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր։ «ԳՄ անդամները քննարկել են քաղաքական համաձայնության հետ կապված հիմնական կետերը։ Այս շաբաթվա ընթացքում կքննարկվեն այդ կետերը, իսկ մյուս շաբաթ կլինի վերջնական հուշագիրը կլինի եւ կունենանք համաձայնություն»,- ասել է Շարմազանովը՝ ընդգծելով, որ հուշագիրը ստորագրվելու է։
Մեկնաբանելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունները ստեղծվելիք կոալիցիայի եւ ՀՅԴ-ի վերաբերյալ՝ Շարմազանովն ասել է. «Սենսացիա չի լինի, եթե չհամաձայնվեմ ՀԱԿ խմբակցության ղեկավարի հետ, թե համագործակցության, թե ՀՅԴ-ի, թե նախագահի ելույթի մասով։ Պարոն Զուրաբյանի մոտ խոսել է իր քաղաքական ուժի ֆիասկոն։ ՀՅԴ-ն մեղավոր չէ, որ ՀԱԿ-ը նման անբարենպաստ վիճակում է»։
ՀՀԿ մամուլի խոսնակը չի կարծում, թե կոալիցիայի ստեղծումը ձգձգվում է։ «Համագործակցությունը զուտ մեխանիկական, պաշտոնների բաշխման գործընթաց չէ, այլ տեւական համագործակցության ծրագիր է, որի հիմքում ընկած են թե հռչակագրի դրույթները, թե նախագահի ելույթի կետերը։ Այն ինչ ունի լուրջ նպատակ, չի կարող մեկ-երկու օրում լինել»,- ասել է նա։
«ՀՅԴ-ն լուրջ քաղաքական ուժ է, ազդեցիկ ազգային ուժ։ Մենք ունեցել ենք տարբեր կարծիքներ, բայց մի բան ակնհայտ է, որ ՀՅԴ դերը մեր պատմության ընթացքում մեծ է եղել, եւ դա չի կարելի թերագնահատել»,- ասել է Շարմազանովը։