Բանակի օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2016/02/Viena.jpg)
Փետրվարի 18-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն, որը նվիրված էր ՀՀ Զինված ուժերի կազմավորման 24-րդ ամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Միջոցառմանը ներկա էին ԵԱՀԿ-ում հավատարմագրված զինվորական խորհրդականներ, դիվանագետներ, Ավստրիայի զինված ուժերի, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդունելությանը ներկա էր նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, որը Վիեննայում էր գտնվում «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարին մասնակցելու նպատակով:
Ընդունելությանը բացման խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԵԱՀԿ-ում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը: Նա անդրադարձ կատարեց հայկական բանակի առջև ծառացած արտաքին մարտահրավերներին և վտանգներին դիմագրավելու կարողությանը` շեշտելով, որ հայոց բանակն այսօր իրականացնում է տարածաշրջանային խաղաղությունն ապահովող չափազանց կարևոր գործառույթ: Դեսպանը նաև ընդգծեց, որ մասնակցելով Եվրոպայում, Ասիայում և Աֆրիկայում իրականացվող խաղաղարար առաքելություններին, ՀՀ Զինված ուժերն իրենց ներդրումն են կատարում միջազգային անվտանգության համակարգի ամրապնդմանն ու կայունության պահպանմանը: